Հիշեցի՛ք Բեմադրիչ ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ, ով դարձել է հայ նորագույն պրոֆեսիոնալ ռեժիսուրայի սկզբնավորողներից. Իմացե՛ք նրա մասին ավելին.

Բեմադրիչ ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐ ծնվել է Թիֆլիսում: 1908թ. ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1916թ.` Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, ուր աշակերտել է Նիկողայոս Մառին և նրա ղեկավարությամբ մասնակցել Անիի պեղումներին: 1918թ. Սուրեն Խաչատրյանի և Ռուբեն Մամուլյանի հետ հիմնադրել է հայկական թատերական ստուդիա, որի գործունեությունը շուտով ընդհատվել է: 1919-20թթ եղել է Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերության խմբի ռեժիսորը: Նախահեղափոխական հայ թատրոնում ունեցել է 30-ից ավելի բեմադրություն: Իր առաջին իսկ հոդվածներում և բեմադրություններում հանդես է եկել որպես հոգեբանական ռեալիզմի հետևորդ, միաժամանակ հայ թատրոն բերել 20-րդ դարասկզբի նորագույն գեղարվեստական ձգտումները: Դարձել է հայ նորագույն պրոֆեսիոնալ ռեժիսուրայի սկզբնավորողներից:

1921թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Թիֆլիսի Ս.Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը», ուր բեմադրել է Դելա-Գրացիայի «Կատաստրոֆա» և Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» պիեսները: ՀԽՍՀ ժողկոմխորհի 1921թ. որոշմամբ Երևանում հիմնադրված պետական առաջին թատրոնի կազմակերպումը հանձնարարվել է նրան: Հայ սովետական թատրոնի գործունեության առաջին տասնամյակում եղել է ամենաբեղմնավոր ռեժիսորը` ստեղծել է 45-ից ավելի բեմադրություն: Հետագայում, մինչև 1950-ականների վերջը, բեմադրություններ է իրականացրել Երևանի բոլոր, ինչպես նաև Լենինականի (այժմ` Գյումրի), Թբիլիսիի, Բաքվի թատրոններում:

Նրա լավագույն բեմադրություններից են` Հ.Իբսենի «Նորա», Շիլլերի «Ավազակներ», Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (երեքն էլ` 1922թ.), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (1923թ.), Մոլիերի «Տարտյուֆ» (1924թ.), Լունաչարսկու «Թույն» (1926թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Հեյերմանսի «Հույսի» կործանումը» (երկուսն էլ` 1927թ.), Մ.Գորկու «Հատակում» (1929թ.), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (1930թ.), Ա․Օստրովսկու «Անտառ» (1934թ.), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1940թ.), «Օթելլո» (1956թ.), Հ.Մուրադյանի «Խաչատուր Աբովյան» (1955թ.), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (1959թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: