«Մեր մտերմությունը սկսվեց նրանով, որ». միայն իմանաք՝ ինչպես են մտերմացել Գուրգեն Մահարին և Նաիրի Զարյանը

Մեր մտերմությունը սկսվեց նրանով, որ Գուրգենը մի անգամ խճուղու մոտերքում մի սիրուն աղջիկ ցույց տվեց ու ասաց.

— Այ, տեսնու՞մ ես այդ աղջկան… Ոչ ոքի բան չասես:

Ի նշան համաձայնության ես ամուր սեղմեցի նրա թևը: Դրանից հետո անցավ մեր որբանոցի համարյա մեզ հասակակից փայտահատ Սիմոնը, և ես նրան բան չասացի: Այնուհետև հանդիպեցինք Գառնիկին, Գևորգին, Հարությունին, մեր որբանոցի մյուս մեծահասակ տղաներին, և ես նրանց էլ բան չասացի:

Մինչև այսօր էլ ոչ ոքի բան չեմ ասել Գուրգենի ցույց տված այդ սիրուն աղջկա մասին և փորձ չեմ արել իմանալու, թե ի՞նչ աղջիկ էր նա, անունն ի՞նչ էր և ինչու՞ նրա մասին ոչ ոքի ոչինչ չպետք էր ասել: