Այս ՀԱՅ դրամատուրգը հիմնադրել է աղջիկների դպրոց, Թիֆլիսում մասնակցել է ՀԱՅ թատրոնի հիմնադրմանը, նպաստել է հայ կենցաղային դրամայի ու կատակերգության զարգացմանը. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Դրամատուրգ ՄԻՔԱՅԵԼ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է բժշկությամբ, եղել Կովկասյան բժշկական ընկերության իսկական անդամ, հիմնադրել է աղջիկների դպրոց, ընտրվել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, մասնակցել հայ թատրոնի հիմնադրմանը։

Գրել է 10 պիես (մեծամասամբ՝ անտիպ), որոնցում պատկերել է Թիֆլիսի հայկական միջավայրի ցածր խավերի կյանքն ու կենցաղը, բարոյական արժեքների վերացումը բուրժուական իրականության մեջ, քաղքենի ընտանիքների բարքերը, նրանց սնանկացումը։ Առաջին՝ «Դալալ Ղաղո» պիեսը բեմադրվել է 1863թ., Գ.Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգության հետ միաժամանակ։

Նրա բոլոր պիեսները («Պեպոյի տկճուրը», «Վույ քի իմ վեչիր», «Հարս ու կեսուր», «Ո՞վ է մեղավոր», «Էշը կդատե, ձին կուտե», «Նինոյի նշնվիլը», «Խոտորնակին խոտորնակ») խաղացվել են հայաշատ վայրերում, իսկ երկուսը՝ նաև տպագրվել («Էս էլ քի մոցիքլութին…», 1866թ., «Պառվներուն խրատ», 1879թ.)։ Ներկայացումներում հանդես են եկել նշանավոր դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը և այլք։ Նրա ստեղծագործությունները նպաստել են հայ կենցաղային դրամայի ու կատակերգության զարգացմանը։ Մահացել է Թիֆլիսում: