Այս ՀԱՅՈՒՀԻՆ հիմնադրել է Թիֆլիսի Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան, եղել է Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Ազգագրագետ, արվեստաբան ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի դուստրը: 1911-17թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստական խոսքի և պարի ստուդիաներում: 1917թ. հիմնադրել է Թիֆլիսի Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան (1924թ-ից` Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտ), կից` նաև պարի անսամբլ, որը հանդես է եկել Բաքվում, Երևանում, Բեռլինում, Մյունխենում և այլուր (1924-27թթ):

Եղել է Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը, 1930-37թթ` Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ` Երևանի պարարվեստի պետական ուսումնարան) տնօրենը, գեղարվեստական ղեկավարը, դասատու: 1944-64թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1942-59թթ եղել է Հայաստանի ԳԱ արվեստի, 1959-79թթ` հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատող: 1923թ-ից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ, 1932թ-ից` շարժումը գրանցելու համակարգի ստեղծմամբ:

Գրանցել է ժողովրդական պարեր, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր, բեմադրել պարեր: Հեղինակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, թարգմանություններ, «Նարինե» բալետի լիբրետոն (կոմպոզիտոր` Ս.Բարխուդարյան): Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ.Շանթ, Ս.Զորյան, Դ.Դեմիրճյան և այլն): 1959թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում: 1964թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: