Ջարդերից մի կերպ ողջ մնացած ՀԱՅԸ ով ունի «գեղեցիկ ավանդ համաշխարհային գրականության մեջ, չնայած իր ողբերգական հնչերանգին». ՆԱ անգլերեն է թարգմանել «Սասնա ծռեր» էպոսը և այլ հայկական հեքիաթներ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասեր ԼԵՎՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոն քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ զրկվել է ծնողներից: Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ 1916թ. ռուսական նավով մեկնել է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918թ. հասել է Կ.Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ են տեղ հասել, երբ թուրքերը գրավում են Կարսը։ Իր որբ ընկերների հետ թափառական ու ցրտահար օրեր է անցկացրել։ Ի վերջո՝ 1920թ. կրկին վերադարձել է Կ.Պոլիս, որտեղ հաճախել է Կենդրոնական վարժարան։ Կ.Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանացել են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։ 1922թ., Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ տեղափոխվել է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։

Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Քալիֆորնիայի համալսարաններում: Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924թ. Փարիզում լույս է տեսել նրա «Լոյս զվարթ» (առաջաբանը՝ Վահան Թեքեյանի, լրիվ հրտ.՝ 1950թ., Նյու Յորք, Վ.Թեքեյանի՝ իր հոգեզավակին հղած նամակներով) հայերեն բանաստեղծությունների անդրանիկ և վերջին ժողովածուն։ Հետագայում գրել է միայն անգլերեն։ 1931թ. Լոս Անջելեսում խմբագրել է «Armenian Messenger» շաբաթաթերթը։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Ձեզ եմ դիմում, Տիկնայք և Պարոնայք» ինքնակենսագրական վեպը, որտեղ, նկարագրելով Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած շրջանում իր հայրենիքում կատարված ողբերգական իրադարձությունները, հետզհետե բարձրացել է դեպի համաշխարհային շրջագիծ, ցույց տվել այն դաժանությունները, որ ծնում են պատերազմն ու մարդատյացությունը։

Հ.Սանը այն անվանել է «Գեղեցիկ ավանդ համաշխարհային գրականության մեջ, չնայած իր ողբերգական հնչերանգին»։ 1950թ. լույս է տեսել նրա «98,6°» ինքնակենսագրական վեպը, որը հատկանշվում է նյութի խոր իմացությամբ, հերոսների ներաշխարհի հոգեբանական նուրբ վերլուծության վարպետությամբ։ Հայերենից անգլերեն է թարգմանել «Սասնա ծռեր» (1965թ.) էպոսը և հայկական ժողովրդական հեքիաթներ («Անմահության խնձորներ», 1968թ.․)։ Նրա բանասիրական հետազոտություններն ամփոփված են «Վիպագրության տեխնիկա» աշխատության մեջ, որը ամերիկյան բարձրագույն դպրոցներում օգտագործվում է որպես ձեռնարկ։ 1958-69թթ անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Քալիֆորնիայի համալսարանում (պրոֆեսոր) և այլ ուսումնական հաստատություններում։։ Մահացել է Լոս Անջելեսում: