Գիտե՞ք թե ով է հեղինակել մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» և «Մխիթար Գոշ» հուշարձանները. Այս քանդակագործը իր դիմաքանդակներով ապրեցրել է տարբեր պատմական անձանց.

Քանդակագործ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի որդին: 1942թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1996-2009թթ եղել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորը: Ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ և մոնումենտալ այլ ստեղծագործություններ: Կերտել է ժամանակակիցների ու պատմական անձանց դիմաքանդակները` «Անահիտ» (1952թ.), «Ասպետը» («Զոդողի գլուխը», 1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1967թ.), «Կոմիտաս» (1977թ.), «Ալեքսանդր Սպենդիարյան», (1957թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Եղիշե Չարենց», (1957թ.), «Հովհաննես Հովհաննիսյան», (1959թ.) և այլն:

Ճարտարապետության և քանդակագործության համադրման աչքի ընկնող նմուշներից են նրա ՀՀ Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի շենքի դեկորատիվ քանդակները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները: Ուշագրավ է 1960-80թթ ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը` «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960-80թթ) և «Մխիթար Գոշ» (1967թ.) հուշարձանները, որոնք Երևանի Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով:

Քանդակագործի «Լույս իջնի վրադ» (1985թ.) հորինվածքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների մայրերին: 1994թ. ստեղծել է Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և արտասահմանյան այլ պատկերասրահներում: 1988թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: