Մահից հետո ԱՅՍ ՊԱՏՄԱԲԱՆԻ գրադարանն ու դիվանը տեղափոխվել են Հայաստան և պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որովհետև այնտեղ կան շատ ու շատ ԳԱՂՏՆԻ ձեռագրեր. Ո՞վ էր ՆԱ.

Պատմաբան, բանասեր ԱՐՇԱԿ ԱԼՊՈՅԱՃՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում: 1899թ. ավարտել է Կեդրոնական վարժարանը։ Հանդես է եկել «Ս.Անգեղյա» և «Շավարշ» ծածկանուններով՝ «Հանդես ամսօրյա», «Կոչնակ», «Բյուրակն», «Մասիս», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ Գործակցել է Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ներին։ 1922թ. մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ.Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։

1923թ. տեղափոխվել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ, եղել է Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի դիվանապետ։ Հրատարակել է «Ազատ միտք» (1936-37թթ) շաբաթաթերթը, «Գրասերի առաջնորդ» (1938-49թթ) պարբերականը, Դ.Շահլամյանի հետ՝ «Կյանք և գիր» (1948թ.) տարեգիրքը։ Հայ բանասիրության մեջ հայտնի է ազգային ականավոր գործիչների կյանքի ու գործունեությանը նվիրված մեծարժեք երկերով՝ «Գրիգոր Զոհրապ» (Կ.Պոլիս, 1919թ.), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927թ.), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936թ.), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940թ.) և այլն։ Մամուլում հրատարակել է «Անհետացող դեմքեր» շարքը, որն իր ապրած ժամանակաշրջանի հայ մշակույթի նշանավոր գործիչների վերաբերյալ մի ուրույն հանրագիտարան է։ Հայագիտության բնագավառում նրա ամենամեծ ներդրումը հայ գաղթավայրերի պատմությաևը նվիրված մեծածավալ գործերն են։ Այդ ուսումնասիրություններից առաջինը՝ «Հայք ի Ռումելի» (անտիպ), 1905թ. արժանացել է Իզմիրյան գրական մրցանակի։

Գրել է հայկական գաղթավայրերի առաջին ամբողջական պատմությունը («Պատմություն հայ գաղթականության», հ.1-3, 1941-61թթ): Նա դրել է նաև հայ դպրոցի լիակատար պատմություն ստեղծելու հիմքը («Պատմություն հայ դպրոցի», հ.1, 1946թ.)։ Մահացել է Կահիրեում։ Մահից հետո նրա գրադարանն ու դիվանը տեղափոխվել են Հայաստան և պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որովհետև պատմաբանի ձեռագրերի մեջ կան արժեքավոր ուսամնասիրություններ։