Գիտե՞ք թե ով է հիմնել ՓԱՐԻԶԻ Բարձրագույն ազգային վարժարանը. Այս ՀԱՅԸ շատ այլ նշանավոր գործեր է կատարել. Ճանաչե՛նք ՆՐԱՆ.

Բառարանագիր, պատմաբան ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանի եղբայրը: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Վենետիկ, ուսումը շարունակել Մխիթարյանների դպրոցում։ 1847թ. ձեռնադրվել է կաթոլիկ վարդապետ և ուղարկվել Փարիզ, ուր դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում։

Հետագայում գժտվել է Սբ. Ղազարի միաբանության ղեկավարների հետ, Փարիզում բացել նոր դպրոց, որն ավելի ուշ կոչվել է Բարձրագույն ազգային վարժարան։ Այս շրջանում հրաժարվել է կաթոլիկությունից և դարձել լուսավորչական։ Գաբրիել Այվազովսկու հետ հիմնադրել է «Մասյաց աղավնի» հանդեսը։ Անդամակցել է Ֆրանսիայի պատմագիտության, ասիական և ցեղաբանական ընկերություններին։

Կազմել է զրուցարաններ ու բառարաններ՝ «Առաջնորդ անգղիարեն և հայերեն զրուցատրութեան (1855թ.), «Զրուցատրութիւն ի տաճիկ լեզուե ի հայ» (1864թ.), «Բառգիրք հայ-գաղղիերեն և գաղղիերեն-հայերեն» (1861թ., 5 հրտ.՝ 1973թ.)։ Գվիդոն Լուսինյան անվան տակ 1900թ. Փարիզում հրատարակել է «Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ» բառարանի երկհատորյակը, որ պարունակում է 120 հազար բառ-հոդված։ Լույս է ընծայել թվաբանության, հայկական գեղագրության, ընդհանուր և հայոց պատմության դասագրքեր հանրակրթական դպրոցների համար։ Մահացել է Փարիզում: