Քանդակակագործ՝ ում աշխատանքները զարդարում են ԱՐՑԱԽԸ. Ափսոս ՆՐԱ կյանքը կարճ տևեց, բայց ԳՈՐԾԸ մնաց հարատև. Եկեք հիշենք քանդակագործ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ.

Քանդակագործ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ծնվել է Ստեփանակերտում: 1947-57թթ սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Կերտել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված արցախցիների հիշատակի հուշարձաններ Վանք և Կեմրակուճ գյուղերում։ 1971թ. մեկնել է Ալթայի երկրամաս, հաստատվել Բառնաուլ քաղաքում, ապրել, ստեղծագործել մինչև 1977թ.։

Աշխատել է երկրամասի տարբեր արվեստանոցներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, դասավանդել Նովոալթայսկի գեղարվեստական ուսումնարանում։ Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձաններ է տեղադրել Ելցովկա և Պերվոմայսկ քաղաքներում, կոթողներ՝ մի շարք բնակավայրերում։ Դասավանդել է նաև Ստեփանակերտի Հ.Գյուրջյանի անվան արվեստի մանկական դպրոցում։ 1978թ-ից եղել է Արցախի նկարիչների միության անդամ։ 1988թ. մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ 1989թ. Ստեփանակերտում տեղադրվել է նրա հեղինակած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողը։ «Սումգայիթ» քանդակում սեղմ արտահայտամիջոցներով քանդակագործը կարողացել է հասնել բարձր լարվածության և հուզականության, ողբերգության բացահայտմանը։

«Ղարաբաղյան տրանսպորտ» քարի վրա քանդակը հայկական օջախի, ընտանիքի սրբության պատկերումն է և արցախցու կերտվածքի բացահայտումը։ «Երաժիշտներ» քանդակն աչքի է ընկնում պլաստիկ լուծումներով։ Ազգային ու համամարդկային են նրա «Արցախցի տատիկները», «Հայուհի», «Երեք դիմակ» քանդակները։ 1988թ. ակտիվորեն ներգրավվել է Արցախյան շարժման մեջ, դարձել «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամներից մեկը, այդ անվան և կռունկի պատկերով կրծքանշանի հեղինակը։ Զոհվել է Ստեփանակերտում, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը։ 1996թ. հետմահու արժանացել է Արցախի Եղիշեի անվան մրցանակի, 2001թ.՝ Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2003թ.՝ Արցախի ժողովրդական նկարչի կոչման: