Գիտե՞ք թե ով է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրենը. Հենց ՆՐԱ ջանքերով է բազմաթիվ արժեքավոր գործեր ձեռք բերվել. Իմացե՛ք ավելին.

Արվեստաբան ՌՈՒԲԵՆ ԴՐԱՄԲՅԱՆ ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1909թ. ավարտել է Թիֆլիսի գիմնազիան: 1909-14թթ սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1919թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: 1923-25թթ աշխատել է Պետրոգրադի ռուսական թանգարանում:

1925-51թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրենը, 1951-80թթ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1945-55թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի բազմաթիվ արժեքավոր գործեր ձեռք են բերվել նրա ջանքերով:

Աշխատությունները նվիրված են Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Գյուրջյանի, Հակոբ Հովնաթանյանի արվեստին: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: 2013թ. Հայաստանի ազգային պատկերասրահի բակում հանդիսավոր բացվել է Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը: