«Բայց ինչու՞ Աստված իմ երկիրը սահմանակից չարեց Հայաստանին, որ գնայի պաշտպանելու բարբարոսների սրին մատվնած քրիստոնյա ու ազնվագույն հայ ազգին». գիտե՞ք՝ ով էր այն ՀԱՅԸ, որը ՕԴԱՆԱՎԵՐ բերեց ՀԱՅԱՍՏԱՆ

1920 թվականի գարուն: Հայաստանը ծանր կացության մեջ է: Երկիրը պատերազմում է մի քանի ճակատներում, իսկ ուժերն անհավասար են: Այդ ընթացքում աշխարհով մեկ սփռված հայերը ջանում են օգնել հայրենիքին՝ ով ինչով կարող է: Եվ ահա հենց նույն օրերին հեռավոր Եթովպիայի հայկական գաղութը որոշում է հանգանակություն կազմակերպել և հավաքված գումարով Հայոց բանակի համար գնել երեք սավառնակ:
Այդ ժամանակ Եթովպիայի հարևան Ջիբութի երկրում (որը ֆրանսիական գաղութ էր) բնակվում էր հայ նշանավոր գրող Ռուբեն Որբերյանը, ով միաժանակ առևտրով էր զբաղվում: Համայնքը որոշում է հենց հարգարժան մտավորականին էլ վստահել ինքնաթիռները Հայաստան հասցնելու առաքելությունը: Եվ Որբերյանը ճանապարհ է ընկնում:
Այսօր դժվար է նույնիսկ պատկերացնել, թե նա ինչպես պիտի Աֆրիկայի ամայի տարածություններով այդ օդանավերը հասցներ նախ Եգիպտոս, իսկ հետո ավելի հեռու: Ամեն դեպքում, 1920 թ. մայիսին նա արդեն Ալեքսանդրիա քաղաքում էր: Այստեղ կայանում է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում Որբերյանը գեղեցիկ ճառ է արտասանում՝ վերհիշելով Եթովպիայի հանգուցյալ կայսր Մենելիքի նշանավոր խոսքերը. «Բայց ինչու՞ Աստված իմ երկիրը սահմանակից չարեց Հայաստանին, որ իմ ողջ բանակով գնայի պաշտպանելու աշխարհի հզորների կողմից լքված և բարբարոսների սրին մատվնած քրիստոնյա ու ազնվագույն հայ ազգին»:
Նույն հանդիպման ժամանակ էլ Որբերյանը տեղեկացնում է, որ ուղևորվում է Երևան՝ այնտեղ հասցնելու նվիրաբերված սավառնակները: Սակայն գրողին վիճակված չէր անձամբ հասնել Հայաստան: Պետք է ենթադրել, որ նա Միջերկրական ծովով նավարկել է դեպի Ֆրանսիա և հասել Փարիզ: Իսկ ինքնաթիռներն այնտեղից առաքվել են Հայաստան: Կան վկայություններ այն մասին, որ 1920 թվականի ամռանը Բաթում նավահանգիստ են բերվել Ֆրանսիայից ուղարկված ինքնաթիռներ՝ հայկական բանակի համար:
Ծառայեցի՞ն դրանք իրենց նպատակին: Նույն տարվա աշնանը դաժան մարտեր էին ընթանում հայ-թուրքական ռազմաճակատում: Եվ ահա այն օրերի թերթերում հանդիպում են մի այսպիսի կարճ հաղորդագրության. «Կարսի մոտակայքում հայկական օդանավերը ջախջախել և փախուստի են մատնել հարձակվող հրոսակախմբերը…»: