Այս ՀԱՅԸ հաղթել է Հայաստանի նոր 50.000 դրամ թղթադրամի էսքիզների մրցույթում, Շուշի քաղաքի զինանշանի մրցույթում` արժանացել է առաջին մրցանակին․ Գիտե՞ք թե ով է ՆԱ․

Գեղանկարիչ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին: 1964թ. ավարտել է Երևանի  Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1986-90թթ եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը, 1987-2012թթ` Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: 1990-92թթ եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001թ.` Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետը, քաղաքի գլխավոր նկարիչը:

1971-91թթ մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: 1974թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1976թ-ից` նկարիչների միությունների անդամ, 1995թ-ից՝ Դիզայներների միջազգային միության, 2011թ-ից` Աշխարհի հայ նկարիչների միության անդամ: Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ` 1994թ. անհատական ցուցահանդես Երևանում, 1997թ. ցուցահանդես Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Երևանում, 2001թ. ցուցահանդես Ֆրանսիայում և այլն: 2004թ. Փարիզում մասնակցել է Գեղանկարչական սալոնի աճուրդին (Drouot Action House): 2004թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006թ.` Հոլոքոստի և Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում:

2012թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին, ապա Երևանում` Միքայել, Սերգեյ և Ռուբեն Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսին: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, խրախուսանքների` 1976թ. Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսում` դիպլոմ և մրցանակ, 1979թ., 1997թ. Առաջին հանրապետական ցուցահանդեսում` մրցանակ, 1986թ. «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսում` մեդալ` լավագույն գրաֆիկայի համար, 1996թ. Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում` մրցանակ, 2000թ. Հայաստանի նոր 50.000 դրամ թղթադրամի էսքիզների մրցույթում, 2001թ. Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթում, 2007թ. Շուշի քաղաքի զինանշանի մրցույթում` առաջին մրցանակին: 2012թ. պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով: Նույն թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: