Բալետի արտիստուհի՝ ով հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում․ Ճանաչե՛նք մեր ՀԱՅՈՒՀՈՒՆ․

Բալետի արտիստ, պարուսույց ԷՄՄԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ծնվել է Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Եվա Ներսեսյանի ղեկավարած դաշնամուրի բաժնում: 1958թ. ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնի էքսպերիմենտալ դասարան, որտեղ դասավանդել է Դինա Նիկոլաևնա Գացինան:

1962թ. պրակտիկա է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և որպես բալետի պարուհի զբաղված է եղել խաղացանկի բոլոր ներկայացումներում: 1964թ. ավարտել է պարարվեստի ուսումնարանը և ընդունվել օպերային թատրոն: Զբաղված է եղել խաղացանկի բոլոր ներկայացումներում, մենապարերով հանդես է եկել մի շարք բալետներում: 1970-72թթ մանկավարժական վերապատրաստում է անցել Մոսկվայի պարարվեստի ակադեմիայում` վերապատրաստվելով Ալլա Լենինայի, Նինա Տոլստայայի և Եվգենի Ֆարմանյանցի դասարաններում:

1985թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մանկավարժ-փորձավար: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում և մի շարք երկրներում: Մահացել է Երևանում: