Ինչպես դերասան Զարիֆյանի կյանքը փոխվեց մեկ վարկյանում․ Ինչո՞ւ Վահրամ Փափազյանը չդիմացավ, իսկ Զարիֆյանը գնաց մինչև վերջ․

Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին Հովհաննես Զարիֆյանը անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվոր՝ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ։ Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ։ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների թվում է եղել Մանվել Մարությանը։ Թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջ՝ դերասանուհի Արաքս Զարիֆյանի և փոքրիկ դստեր՝ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը։ Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են։ Ծանր օրեր է ապրել։ Երեք անգամ թաքնվելով՝ փրկվել է սպառնացող մահից։

Իր գործունեությունը Զարիֆյանը շարունակել է նաև սփյուռքում։ 1920 թվականին, երբ թուրքերը կրկին մտան Ալեքսանդրապոլ, Զարիֆյանը մեկնեց Պոլիս, ապա՝ Բուխարեստ։ 1921 թվականի մայիսից Նյու Յորքում։ ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր։  1932-1936 թվականին հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Սան Պաուլոում, Մոնտեվիդեոյում  և գլխավորապես՝ Բուենոս Այրեսում։ 1936 թվականին՝ Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, բեմականացրել է «Մուսա լեռը» և, բարեբախտաբար, առանց կառավարական արգելքների, անցել բեմադրական աշխատանքների։ Այսպիսով հայ իրականության մեջ «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937  թվականի  հունվարի 20-ին Բոստոնի դրամատիկ խմբի կողմից։ 1937 թվականի հունիսի 9-ին Զարիֆյանը մեկնել է Բոստոն, միացել ընտանիքին։

Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան, հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել։ Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում։ Հետագայում նրա աշակերտներից մեկը՝ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղել է այդտեղ։ Նյու Յորքից այդտեղ է բերվել և ամփոփվել նաև Արաքս Զարիֆյանի աճյունը։ Ի սեր իր վարպետի նրա կողքին են թաղել և Նշան Սարգիսյանին։