Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալակիր, ով ավելի քան 150 գիտական և քննադատական հոդվածների հեղինակ է․ Գիտե՞ք թե ով է ՆԱ․

Գրականագետ, թարգմանիչ ՀՐԱՉՅԱ ԲԱՅՐԱՄՅԱՆ ծնվել է 1945թ. հունիսի 18-ին, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1969թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը։ 1967-68թթ ուսանել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացական բանասիրական ֆակուլտետում։

Աշխատել է Թբիլիսիի Ի.Ճավճավաձեի անվան պետական համալսարանի վրաց լեզվի և գրականության ‎‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1975թ. «Վրաց գրականությունը հայ նախասովետական քննադատության մեջ (1846-16թթ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան (1981թ-ից՝ դոցենտ): Հեղինակել է ավելի քան 150 գիտական, քննադատական հոդվածներ, հրապարակումներ ու գրախոսություններ: Նրա սցենարներով նկարահանվել և հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել են «Իրակլի Աբաշիձե», «Նոդար Դումբաձե», «Սայաթ-Նովա», «Գալակտիոն Տաբիձե», «Գաբրիել Սունդուկյան», «Շոթա Ռուսթավելի» ուսումնական և գիտահանրամատչելի ֆիլմերը:

1990թ-ից «Հայաստան-Վրաստան» ընկերության վարչության անդամ է։ Հեղինակել է նաև հումանիտար ‎ֆակուլտետների վրաց գրականության պատմության և վրաց լեզվի դասագրքեր, հայերեն-վրացերեն զրուցարան։ Վրացերենից թարգմանել է Ռևազ Ինանիշվիլու «Լռություն ճանապարհին» (պատմվածքներ, 1979թ.), Լադո Մրելաշվիլու «Իղալթոեցի տղաները» (վիպակ, 1981թ.), Գուրամ Փանջիկիձեի «Ակնաքար» (վեպ, 1982թ.), Նոդար Դումբաձեի «Ընտիր երկեր» (երկու հատորով, 1987թ.), Ռևազ Միշվելաձեի «Գյուղի Մադոննան» (նովելներ, 2006թ.) և այլ երկեր: 2007թ-ից ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է։ 2006թ. արժանացել է Վրաստանի գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակի, 2010թ.՝ Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալի և Պատվո դիպլոմի։