Արտիստ, Հայաստանի վաստակավոր մանկավարժ, օպերային երգչուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈԼՈՍԱՐՅԱՆ․ Իմացե՛ք ՆՐԱ մասին ավելին․

Օպերային երգչուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈԼՈՍԱՐՅԱՆ ծնվել է 1939թ. հունվարի 24-ին, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում: 1956-57թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-63թթ՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, 1963-67թթ՝ Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965թ-ից ավելի քան 17 տարի աշխատել է Երևանի  Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի: Նրա խաղացանկում են եղել տարբեր դարաշրջաններում ստեղծագործած կոմպոզիտորների ոճական ամենատարբեր արտահայտության դերերգեր, որոնց կատարման մեջ նա յուրովի է հանդես բերել իր արտիստական անկեղծ խառնվածքը:

Հանդես է եկել արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների հեղինակած մի շարք օպերային ներկայացումներում, որոնցից են՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելա), Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Պարահանդես-դիմակահանդես» (Տիբո), «Դոն Կարլոս» (Մունետիկ), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտա), Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ» (Նեդդա), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Բատերֆլայ), «Բոհեմ» (Միմի), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), «Պիկովայա դամա» (Լիզա), «Իոլանտա» (Իոլանտա), Գ.Արմենյանի «Խորտակում» (Նազիկ) և այլն:

1977թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2017թթ եղել է մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչը (1997թ-ից՝ պրոֆեսոր): 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: