Գիտե՞ք թե որ ՀԱՅԻՆ են համարել «ռուսական արվեստի ապագա ղեկավար, ռուսական թատրոնի հույս».

Եվգենի Վախթանգովի և ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդի ներկայացումներով սկզբնավորվել է ռուսական նոր թատրոնը։ Վախթանգովի ռեժիսորական արվեստի բարձր զարգացման շրջանը հետհեղափոխական առաջին 5 տարին էր, հիմքում բարու և չարի հակադրությունն էր, բարոյագեղագիտական գաղափարները, արվեստագետի և ժողովրդի միասնականությունը, արդիականության սուր զգացողությունը և այլն։ Այս սկզբունքները հետագայում զարգացրել են նրա աշակերտները՝ Ռուբեն Սիմոնովը, Բորիս Զախավան, Միխայիլ Չեխովը և ուրիշներ։ Վախթանգովի լավագույն բեմադրություններից են Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը», Անտոն Չեխովի «Հարսանիքը», Մ. Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Յուհան Սթրինդբերգի «Էրիկ XIV-ը», Սեմյոն Անսկու «Հադիբուկը»։

Երրորդ ստուդիայում բեմադրել է Կարլո Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ» պիեսը, որն իր լավատեսությամբ և կենսուրախությամբ նպաստել է Վախթանգովի անվան թատրոնի ոճական առանձնահատկությունների ձևավորմանը. Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն այդ ներկայացումը համարել են խոշորագույն հաղթանակ։ Դերասանական արվեստում վարպետորեն օգտագործելով իտալական դիմակների թատրոնի իմպրովիզացիայի միջոցները՝ Վախթանգովն ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը՝ ֆանտաստիկական ռեալիզմը՝ յուրովի զարգացնելով Կ. Ստանիսլավսկու ուսմունքը։ Վախթանգովին համարել են «ռուսական արվեստի ապագա ղեկավար, ռուսական թատրոնի հույս»։

Դեռևս Վլադիկավկազում Վախթանգովն առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել է Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը։ 1910-ական թվականներին ծանոթացել է Հովհաննես Զարիֆյանի, Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ։ 1920 թվականին Ստանիսլավսկու համակարգի մասին դասախոսություններ է կարդացել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Նրա ռեժիսորական արվեստն ազդել է Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի, հատկապես՝ Վարդան Աճեմյանի ստեղծագործության վրա։