Գիտեք թե ով է առաջին անգամ ռուսական ԹԱՏՐՈՆՈՒՄ սկզբնավորել ֆանտաստիկական ռեալիզմը և «ՎԱԽԹԱՆԳՈՎՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ»․

Ռուսահայ ռեժիսոր, Վախթանգովի անվան թատրոնի հիմնադիրը Եվգենի Բագրատի Վախթանգով ռուսական թատրոնում սկզբնավորել է ֆանտաստիկական ռեալիզմը և իր՝ վախթանգովյան ուղղությունը։ Նա նաև Մոսկվայում հիմնադրել է դրամատիկական թատրոն։ Ծնվել է հայ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքում։ 1893-1903 թվականներին սովորել է Թիֆլիսի, ապա՝ Վլադիկավկազի գիմնազիաներում։ 1901 թվականին բեմադրել է պիեսներ, խաղացել ներկայացումներում, գրել է հոդվածներ, բանաստեղծություններ և տպագրել տեղի «Թերեք» թերթում։

1903 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանության ֆակուլտետ։ 1909-1911 թվականներին սովորել է Ալեքսանդր Ադաշևի  թատերական դպրոցում։ 1911 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ 1912 թվականին Շվեդիայում,  Դանիայում և Նորվեգիայում ծանոթացել է տեղի թատերական կյանքին։

1913 թվականին հիմնադրել և ղեկվարել է Ուսանողական դրամատիկական (հետագայում՝ «Մանսուրովյան») ստուդիան, որը 1921 թվականին դարձել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 3-րդ ստուդիա, 1926 թվականին՝ Վախթանգովի անվան դրամատիկական թատրոն։ Նա խաղացել է Թեքլտոնի (Չառլզ Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդելի (Հենրիկ Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր, որոնք աչքի են ընկել կերպարի բնավորության ու նկարագրի հոգեբանական խորությամբ և ցայտուն վերարտադրությամբ։