Այս լուսանկարիչը ծնվել է Հայոց ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում․ Հենց ՆԱ է ուղղաթիռից նկարահանել Չեռնոբիլի աղետը․

Կինոօպերատոր, լուսանկարիչ ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ ծնվել է Բեյրութում, Հայոց ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում: Հայրը՝ Նազար Զենյանը, հետագայում զբաղվել է ճարտարապետությամբ, անդամագրվել է կոմունիստական կուսակցությանը։ Ավետիսը եղել է երեք եղբայրներից կրտսերը, Հալեպում սովորել է ֆրանսիական դպրոցում և երգել եկեղեցում: 1946թ. մոր և եղբայրների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ ապրել են Տավուշի Ուզունթալա (այժմ՝ Այգեհովիտ) գյուղում: Հայաստանում զբաղվել է առևտրով և լուսանկարչությամբ։ Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ, որը նրանից քսան տարով մեծ է եղել, շատ բան է սովորեցրել նրան։

Նրա խորհրդով մեկնել է Մոսկվա և 1954թ. ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական բաժինը, ուսանել է Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի ընկերական շրջապատում։ Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել սցենարիստ Արման Մանարյանի հետ՝ հայ հայրենադարձների մասին։ Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի և Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ։ Մասնակցել է Երվանդ Մանարյանի դիպլոմային աշխատանքի՝ «Տժվժիկի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է։ Հետագայում մեկնել Մոսկվա, որտեղ Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, ինչից հետո կինոօպերատորին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ» կինոստուդիա:

Որպես բեմադրող օպերատոր մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարանահանման աշխատանքներին: Եղել է միակ օպերատորը, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա: Որպես օպերատոր աշխատել է Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում: Եղել է օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ասք Ռոստամի մասին» ֆիլմում: 1986թ. ուղղաթիռից նկարահանել է Չեռնոբիլը աղետից անմիջապես հետո, աշխատել խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրա: Մահացել է Մոսկվայում: