Գիտեք թե ո՞վ է ստորագրել հայոց լեզուն պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, Երևանի համալսարանի կազմակերպման և այլ դեկրետները.

Հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը վերադառնում է Շուշի, քանի որ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Գևորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը. ուսուցիչներն ու սաները ցրվում են։ Ստեփան Շահումյանի հրավերով նա 1917 թվականի վերջերին տեղափոխվում է Բաքու, որտեղ գործուն մասնակցություն է ունենում Բաքվի խորհրդի, այնուհետև Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունա) աշխատանքներին։ Նշանավոր հեղափոխական Նադեժդա Կոլեսնիկովայի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը։ Նույն խորհրդում աշխատում է որպես կուլտուր-լուսավորական բաժնի վարիչ, խմբագրում է «Բանվորի խոսք» թերթը։

Այնուհետև տեղափոխվում է Մոսկվա։ 1918-1919 թվականներին եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։ 1920 թվականի գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը և քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում։ 1920 թվականին վերադառնում է Երևան և Բորիս Լեգրանի առաքելության կազմում մասնակցում Հայաստանի Հանրապետության (1918-1920) կառավարության հետ բանակցություններին։ Զբաղեցրել է ՀԽՍՀ առաջին լուսժողկոմի պաշտոնը։ Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-1927 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։

1927 թվականի հուլիսին ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվում Լենինգրադ, որտեղ Մ. Սալտիկով-Շչեդրինի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա։ 1937 թվականին անհիմն բռնադատվել է, 1943 թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ղեկավարել նոր պատմության բաժինը։ Նա 1955 թվականից նորից պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1960 թվականին ընտրվում ԳԱ ակադեմիկոս։ Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում 1961 թվականին։