Այս գեղանկարչի ՆԿԱՐՆԵՐԸ հասել են Ֆինլանդիա, Լիբանան, Եթովպիա, Մոնղոլիա, Կորեա, Հունաստան, Սենեգալ, Թուրքմենստան, Բրազիլիա և այլուր. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Գեղանկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆ ծնվել է 1948թ. հունիսի 19-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Ազիզյանի որդին է, գեղանկարչուհի Սվետլանա Սարգսյանի ամուսինը: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական ֆակուլտետը, 1974թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը: 1991թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2008թ-ից ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է (2007թ-ից՝ պրոֆեսոր): 1998թ-ից Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ է, նկարիչների միության քարտուղարը:

2003-08թթ նկարիչների միության գեղանկարի սեկցիայի նախագահն է: Հեղինակել է իրապաշտական կենսազգացողությամբ համակված գեղանկարներ՝ «Ընտանիք» (1976թ.), «Տպավորություն» (1976թ.), «Ծաղկաձորի անտառում» (1977թ.), «Շորժա. Անձրևից հետո» (1983թ.), «Դա չի մոռացվի» (1984թ.), «Գիշեր» (1987թ.), «Դեղին արվեստանոց» (1991թ.), «Երեկո» (1992թ.), «Գագիկ Հովսեփյանի դիմանկարը» (1995թ.), «Անդորր» (1995թ.), «Երեք նազելիներ» (1995թ.), «Սուրհանդակ» (1996թ.), «Դրախտ» (2001թ.), «Լքված գյուղը» (2002թ.), «Կենացդ սիրելիս» (2008թ.), «Մեր անուշ Հայաստանի կենացը` տղերք» (2009թ.), «Արագած» (2011թ.), «Հայաստանը ես եմ» (2011թ.), «Իզաբելլա» (2012թ.), «Գիշերվա զբոսանք» (2012թ.), «Երեկոյան» (2013թ.), «Աշուն. Կեչառիս» (2013թ.), «Կարմիր արվեստանոց» (2014թ.), «Լաուրա» (2014թ.), «Արարատն Արագածի բարձունքներից» (2014թ.) և այլն: 1970թ-ից մասնակցել է հանրապետական և արտասահմանյան բազմաթիվ խմբական ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Լիբանանում, Եթովպիայում, Մոնղոլիայում, Կորեայում, Հունաստանում, Սենեգալում, Թուրքմենստանում, Իտալիայում, Բրազիլիայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Արմավիրում (1987թ., 1999թ.), Ֆրանսիայում (1993թ.), Երևանում (1996թ., 2014թ.), Ֆիլադելֆիայում (1999թ., 2001թ.), Նյու Ջերսիում (1999թ.), Մարտակերտում (2005թ.):

Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, ԱՄՆ-ի Նյու Ջերսիի «Գարթ Դավիթսոն» թանգարանի հավաքածուում, Ֆլորենցիայի «Ռենեսանս» թանգարանի հավաքածուում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: 2001թ. արժանացել է ՀՆՄ մեկական աշխատանքի ցուցահանդեսի լավագույն մրցանակին, 2005թ.՝ ՀՆՄ մրցանակի՝ Մարտիրոս Սարյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդեսի լավագույն աշխատանքի համար, 2006թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, 2009թ.՝ ՀՀ մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերի, Երևանի Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման, 2010թ. և 2013թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, 2011թ.՝ ԵԳՊԱ-ի 65-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: