Ճակատագրի հեգնանքով այս ՍԵՐԳԵՅ ՍԻՎԻԿՅԱՆԸ կյանքից հեռացավ հաղթանակի օրը` 1971 թվականի մայիսի 9-ին. ճանաչենք Փառքի երեք աստիճանների շքանշանների ասպետին

Մեծ Հայրենականում կռված հայ մարշալներից, ծովակալներից և այլ սպաներից բացի, կան նաև հազարավոր այլ հայեր, որոնք զինվորական բարձրաստիճան կոչումներ չեն ստացել, բայց անգնահատելի ավանդ են ունեցել ընդհանուր հաղթանակում։ Նրանցից մեկը Սերգեյ Սիվիկյանն էր, որը պատերազմն ավարտեց ավագ սերժանտի կոչումով` դառնալով Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ։

Մայկոպում ծնված Սերգեյ Սիվիկյանին բանակ զորակոչեցին 18 տարեկանում` 1943 թվականին, երբ պատերազմի ճակատագիրը դեռ պարզ չէր։ Ուսումնական արագացված դասընթացներ, սակրավորի հիմնական հմտություններ, և կրտսեր սերժանտ Սիվիկյանը հայտնվեց ռազմաճակատում, այն էլ ամենաթեժ ուղղություններից մեկում` Ուկրաինական 3-րդ ճակատի հետ։ Թեև, իհարկե, այդ ժամանակ ոչ մեկի համար հեշտ չէր։

Հասարակ սակրավոր չէր, այլ սակրավոր-հետախույզ։ Թե ինչ է դա նշանակում ռազմական պրակտիկայում, այդ մասնագետներից ավելի լավ ոչ ոք չի պատմի. երևակայությունը չի բավականացնի։ Հրաձգային գունդը, որի կազմում էր նաև կրտսեր սերժանտ Սիվիկյանը, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում գերմանացիների առաջնագծի և թիկունքի հետախուզություն էր իրականացնում, այսինքն կատարում էր կրակի համակարգերն ու արգելափակոցները բացահայտելու մարտական առաջադրանք։ Խումբը թշնամու քթի տակից պետք է թիկունք տեղափոխվեր։ Բնականաբար աննկատ։

Մեկ այստեղ, մեկ այնտեղ տեղի ունեցող կրակոցների տակից դուրս գալով, բազմաթիվ գերմանացիների ոչնչացնելով, ցավոք, երբեմն յուրայիններին կորցնելով, գունդը հայտնաբերեց հակառակորդի տանկերի կուտակման և գրոհի զենքի վայրը. երբ մարդիկ հետ քաշվեցին, կրակ բացեցին տեղադրված պարագծի ներսում գտնվող թիրախների ուղղությամբ։

Սիվիկյանի ստորաբաժանումն ականազերծեց դաշտերը փոքրիկ տարածքում, և կրտսեր սերժանտն իր ձեռքով վնասազերծեց ավելի քան 50 ական։ Պարգևատրման ներկայացնելն ու բուն մրցանակների շնորհումը մի քանի օր տևեց` սակրավորին Փառքի առաջին շքանշանը հանձնեց 46-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գլագոլևը:

Երկու ամիս անցավ, և կրտսեր սերժանտին «հատուկ առաջադրանքի» համար հետախույզների խմբի գլխավոր նշանակեցին։ Ըստ ամենայնի առաջադրանքն իսկապես «հատուկ» էր, քանզի Ուկրաինական 3-րդ ճակատի ռազմական փաստաթղթերում այլևս որևէ մանրամասներ նշված չեն։ Միայն հայտնի է, որ հետախույզների խումբը` Սիվիկյանի գլխավորությամբ, «18.01.1944 թվականին ներխուժեց թշնամու դիրքերը և երեք օր մնաց հակառակորդի թիկունքում, արժեքավոր հետախուզական տվյալներ հայթայթեց, պարզեց ուժերի և միջոցների առկայությունը Նովո-Խորտիցա, Չերվոնա Պերեմոգա և Դոլգիևկա գյուղերի շրջանում»։ Հավանաբար առաջադրանքի կատարման արդյունքներն այն ժամանակ գաղտնի էին, իսկ պատերազմից հետո մանրամասները պարզապես չեն գրել պատմության մեջ։

Ինչևէ, նույն գեներալ-լեյտենանտ Գլագոլևը Սիվիկյանին կրկին Փառքի շքանշանի պարգևատրման ներկայացրեց, այս անգամ արդեն 2-րդ աստիճանի։

Առաջին աստիճանի շքանշանը, որը նրան բոլոր աստիճանների ասպետ դարձրեց, Սիվիկյանը ստացավ Մոլդովայի տարածքում տեղի ունեցած մարտերում. դիվիզիայի առաջնորդող ջոկատը պետք է անցներ Դնեստրը Քիշնևից 50 կմ հեռավորության վրա և հիտլերյան ինժեներական կառույցների հետախուզում իրականացներ։

Դնեստրը նրանք անցան 1944 թվականի օգոստոսին, 2 օր առանց քնելու և հանգստանալու ջոկատն իրականացրեց կրակակետերի և արգելափակոցների համակարգի հետախուզումը։ Սիվիկյանն անձամբ երկու միջանցք բացեց ականների դաշտերի միջով և երկուսը` մետաղալարերի արգելափակոցների միջով։ Երբ գրոհը սկսվեց, արդեն ավագ սերժանտ Սիվիկյանը լուրջ կոնտուզիա ստացավ, սակայն շարունակեց կատարել մարտական առաջադրանքը։

Նրան որոշեցին բուժման ուղարկել արդեն օպերացիան իրականացնելուց հետո, փոքր դադարի ժամանակ` նոր առաջադրանքների սպասելով։ Սիվիկյանը բուժման գնաց, երբ արդեն ավագի կոչում էր ստացել, այնուհետև ստացավ Փառքի 1-ին աստիճանի շքանշանը` համալրելով փառքի հավաքածուն և այն ավարտուն դարձնելով։

Դրանից հետո Սիվիկյանն այլևս մարտական գործողությունների չմասնակցեց, պատերազմն էլ շուտով ավարտվեց, սակայն ավագին չմոռացան։ Նրան կանչեցին Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցելու Հաղթանակի շքերթին։

Այնուհետև խաղաղ կյանք սկսեց, Սիվիկյանը վերադարձավ հարազատ Մայկոպ, սկսեց բանվոր աշխատել և շատ արագ բավականին խոշոր արտադրական միավորման տնօրենի տեղակալ դարձավ։

Փառքի երեք աստիճանների շքանշանների ասպետը, իհարկե, շարունակեց նշել մայիսի 9-ի տոնը։

Ճակատագրի հեգնանքով Սիվիկյանը կյանքից հեռացավ նույն այդ հաղթանակի օրը` 1971 թվականի մայիսի 9-ին…

Հեղինակ՝ Ռուբեն Գյուլմիսարյան: