Գիտեք թե ով էր Մուշեղ Գալշոյանի « ԴԱՎՈՆ» և ինչ կապ ուներ Անդրանիկի հետ. Այս պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա.

Լսել եք Գալշոյանի լավագույն գործերից մեկի մասին՝ դա «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը։