«Երբ սիրելի Թամարը մահացավ, Հ. ԲԱՂՐԱՄՅԱՆԸ կյանքում առաջին անգամ լաց եղավ». կարևոր և հետաքրքիր մանրամասներ ՄԱՐՇԱԼԻ կյանքից, որոնք քչերին են հայտնի

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի փոքր հանրապետություն է, սակայն դա չի խանգարել երկրին մեծ ներդրում ունենալ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի գործում։ 99 հերոսների շարքում եղել է նաև Հովհաննես Բաղրամյանը:

Հայտնի է, որ ապագա մարշալը ծնունդով արցախյան Չարդախլու գյուղից էր։ Նույն գյուղից էր նաև Համազասպ Բաբաջանյանը: Դա անհասկանալի մի բան է, քանի որ աշխարհում չկա ոչ մի բնակատեղի, նույնիսկ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տված լինի։ Այդ պատճառով գյուղն անվանում էին «մարշալական»։

Անդրկովկասյան թուրքերը հնուց հարձակումների էին ենթարկում այդ հայկական գյուղը։ Թշնամական միջավայրում պետք էր գոյատևել, այդ պատճառով տղաներին փոքր տարիքից ներշնչում էին` նրանք պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։

Բաղրամյանի համագյուղացին հարցազրույցներից մեկում ասել է, որ ապագա մարշալը, լինելով 14 տարեկան, կռվել է հարևան գյուղից իրենից ավելի հսկա և տարիքով մեծ տղամարդու հետ։ Եվ նա չի ընկրկել այդ մարտի ընթացքում, թեև շատ կապտուկներ է ստացել։ Տարեցները հետո կատակում էին, որ «հենց այդ կռվի շնորհիվ նա դարձավ Խորհրդային Միության կրկնակի հերոս»։

Քչերը գիտեն, որ 38 թվականին Բաղրամյանին ազատել են զինծառայությունից որպես ժողովրդի թշնամու բարեկամի։ Բանն այն է, որ մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում` տրանսպորտի ոլորտում։ Բաղրամյանն ամեն ջանք գործադրում էր նրան պաշտպանելու համար, արդյունքում մեկ տարի անց նա չգտավ իր ազգանունը Գլխավոր շտաբի Ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև «գերազանց» էր հանձնել քննությունները։

Զրկվելով ապրուստի միջոցից` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի ծայրահեղ աղքատության մեջ է ապրել։ Նա նույնիսկ քաղաքացիական հագուստ չուներ, ու երբ պետք է լուսանկարվեր քաղաքացիական անձնագրի համար, ստիպված էր վերցնել կնոջ` Թամարի վերարկուն։ Արդյունքում նա հուսահատ քայլի դիմեց. անարդար կերպով գործից հեռացված ևս մի գնդապետի հետ փորձեց ներխուժել Կրեմլ` պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի ընդունելությանը։ Նրանց մերժեցին։ Այն ժամանակ ի նշան բողոքի նրանք նստեցին հենց Սպասկայա աշտարակի մոտ։ Վորոշիլովի հետ հանդիպումից մեկ օր անց երկու գնդապետներին էլ վերականգնեցին իրենց պաշտոններում ու թույլ տվեցի ծառայել բանակում։

Շատերը գիտեն, որ մարշալն իր ողջ կյանքի ընթացքում հավատիմ է եղել կնոջը` Թամարին, սակայն շատերը չէ, որ գիտեն` մինչ կյանքի վերջին օրերը ամուսիններն իրենց հարաբերություններում պահպանել են ռոմանտիզմը։ Մի անգամ թոռնուհին` Կարինան, պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատի համար սիրո խոստովանություններով հուզիչ երկտողեր էր թողնում։ Իսկ երբ սիրելի Թամարը մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ լաց եղավ։