Այս ՀԱՅ գրողը մինչև կյանքի վերջը կրեց սասունցի լինելու գիտակցությունը. Նրա պատմությունները վերաբերվում են ՍԱՍՈՒՆԻՆ և հիմնված են իրական փաստերի վրա. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Հայ արձակագիր, լրագրող Մուշեղ Գալշոյանը եղել է ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։ Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։

Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։