Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Ռուսական կայսրությանը կից Բայազետցիների ճակատագիրը՝ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ. Ինչո՞ւ ռուսները չօգնեցին ԲԱՅԱԶԵՏՑԻՆԵՐԻՆ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Արտաշես Պետրոսի Խաչատրյանի (1897-1969) հուշագրությունը եզակի և առանձնահատուկ է արծարծվող թեմաների լայն շրջանակի, ծավալվող դեպքերի և իրադարձությունների ընդարձակ աշխարհագրության և ժամանակագրական լայն սահմանների տեսանկյունից։ Հուշագրության հեղինակը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Ռուսական կայսրությանը սահմանակից Բայազետի գավառի Կարաքիլիսայի գավառակի Երիցու գյուղ (Իրիցուգեղ) բնակավայրից է Սասունից Բայազետի գավառ տեղափոխված, գիրն ու ուսումը արժևորող ընդարձակ գերդաստանի անդամ։

Մեծապես նշված հանգամանքների բերումով հեղինակն առնչվել և իր հուշերում արծարծել է արևմտահայության 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքին հատուկ մի շարք երևույթներ արևմտահայության նկատմամբ օսմանյան իշխանությունների տնտեսական-հարկային հարստահարիչ քաղաքականությունը և, որպես դրա հետևանք, դեպի Ռուսական կայսրություն արևմտահայության ինչպես մշտական գաղթը, այնպես էլ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնելը, Արևմտյան Հայաստանում ծավալված հայկական հայդուկային շարժումը, հայ–քրդական հարաբերությունները, արևմտահայ գավառական դպրոցը և այլն։

Հեղինակը հաջորդաբար անդրադառնում է 1914-ին Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելուց և Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների ծավալվելուց հետո Բայազետի գավառի հայության ճակատագրին, Արևմտյան Հայաստանիռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածում տիրող իրավիճակին, Ռուսական հեղափոխությունից հետո Կովկասյան ռազմաճակատի կազմալուծմանը, դրա արդյունքում 1918 թ. Արևմտյան Հայաստան և Այսրկովկաս օսմանյան բանակի ներխուժմանը, հայության ցուցաբերած դիմադրությունը, այդ ժամանակաշրջանում ընթացող ինքնապաշտպանական կռիվներին և բազմաթիվ այլ թեմաներին։

Ռոբերտ Թաթոյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.