Նկարակալով երգիչն ու վրձնով սուսերամարտիկը. ճանաչենք տաղանդավոր ԷՌՆԵՍՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ

Էռնեստ Բարսեղյանն այդքան էլ մեծ սեր չուներ ճշգրիտ գիտությունների հետ: Սա ճակատագրին տված փոքր վարձատրություն էր. մնացած ամեն բան նրան անասելի հեշտությամբ էր տրվում: Ավելի շուտ նրան կարելի է անվանել ոճային, քան բոհեմային, նա միշտ ուշադրություն էր գրավում:

Հարցը միայն զգեստի ընտրության անկրկնելի ճաշակը չէր, լավագույն գինին ընտրելու ունակությունը կամ ամենաընտիր ծխախոտի նկատմամբ ունեցած մոլուցքը. 60-ականներին դրա հետ կապված խնդիրներ հաճախ էին առաջանում: Ամեն ինչ որոշում էր նրա խարիզման, թեև այն ժամանակ ոչ ոք նույնիսկ այս բառը չգիտեր:

Այո, դա հենց խարիզման էր` բազմապատկած բնածին ազնվականությամբ: Նույնիսկ բավականին հաջողակ և գրեթե պրոֆեսիոնալ պարապմունքների համար նա ընտրեց ամենաազնվական մարզաձևը` սուսերամարտը:

Էռնեստի մահից 20 տարի անց նրան հիշում էր իր բոլոր երեք «տեսակներում»` մարզիկ, երգիչ և նկարիչ: Գուցե սխալվում եմ, բայց ինքն էլ մինչև վերջ չէր որոշել, թե որն է իրեն ավելի բնորոշ: Սպորտի հետ կապված ամեն ինչ պարզ էր, տարիքային խնդիր կար, բայց վոկալի և նկարչության հարցում…

Կարծես կողմնորոշվելու մտադրություն էլ չուներ: Պարզապես զբաղվում էր նրանով, ինչն ավելի էր հուզում, ինչի պահանջն ուներ հոգին:

Ինքնավստահ, բարդույթներ չունեցող (ամաչկոտները բեմում տեղ չունեն) Էռնեստ Բարսեղյանն ընդհանարապես մեծամիտ ու անպատկառ չէր: Այս երկու գծերի բացակայության մասին նշել է երգիչ Էդգար Կարապետյանը, նա Բարսեղյանի հետ միասին ելույթ էր ունենում Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:

Շրջագայությունների ժամանակ Կարապետյանը բազում ամիսներ է անցկացրել Բարսեղյանի հետ նույն համարում և հավանաբար գիտի` ինչ է ասում: Երգիչը հիշում է, որ երբ եկավ «վաստակավոր» կոչումը ստանալու ժամանակը, Բարսեղյանն ասաց նրան. «Նախ` դու, հետո` ես»: Էդգար Կարապետյանը մինչև այսօր էլ զարմանում է այդ արարքի վրա, ասում է` արտառոց դեպք է ոչ միանշանակ և մրցակցային, հաճախ նաև նախանձ, և անզիջում արտիստիկ միջավայրում:

Հավանաբար, Բարսեղյանը հասկանում էր` կոչումը չէ, որ գեղեցկացնում է մարդուն: Որոշել էր հանրապետության վաստակավոր արտիստ մի փոքր ուշ դառնալ. ի՞նչ տարբերություն:

Բայց հետո հանկարծ հասկացավ, որ զբաղվում է նրանով, ինչով զբաղվել չի ցանկանում: Նրան համոզում էին չթողնել երգը, չէ՞ որ շրջագայությունները դեռ նոր էին սկսել, մեկը մյուսի հետևից ուղևորություններ, այդ թվում` արևմտյան երկրներ։ Ոմանց համար այն տարիներին արտասահման մեկնելու հնարավորությունը կարող էր ավելի մեծ նշանակություն ունենալ, քան նույնիսկ ընտանիքը: Եվ շատերն էին դրան նախապատվություն տալիս:

Իսկ Էռնեստ Բարսեղյանի համար գերակա ցանկություն չէր: Նա նույնիսկ մոտ չգնաց: Տարին 9 ամիս ճանապարհներին անցկացնելն ու ընտանիքից հեռու լինելը նրա համար չէր: Բացի այդ նկարչությունն ավելի էր ձգում:

Հիմնականում նա դիմանկարներ էր ստեղծում, թեև իրենից հետո այլ ժանրերում ևս բավական շատ կտավներ է թողել: Սակայն նրա դիմանկարները… Էռնեստ Բարսեղյանն օգտվում էր մեկ այլ հազվագյուտ շնորհներից. նա կարողանում էր գրեթե ակնթարթորեն վերլուծել և հասկանալ մարդուն, նույնիսկ եթե կյանքում առաջին անգամ էր տեսնում: Ասում են, որ անծանոթ միջավայրում մնալուց կես ժամ հետո նա կենաց կասեր ներկաներից յուրաքանչյուրի մասին և այնպիսի բաժակաճառ կհնչեցներ, որ մարդիկ հետո կզարմանային, թե որտեղից այս անծանոթ մարդն այդ ամենը գիտի իրենց մասին:

Կտավներն էլ ճիշտ նույն կերպ էր նկարում: Զրույցի առաջին կես ժամվա ընթացքում, սուրճի կամ թեյի շուրջ, կոնյակի մեկ բաժակով կամ առանց այդ բաժակի նա պարզապես «ռենտգեն էր անում» զրուցակցին, որոշում էր նրա բնավորությունը, առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Այնուհետև նկարում դիմանկարը` անհավանական ճշգրիտ և խորը:

Ամեն ինչ հստակ լինելու համար նույնիսկ նկարակալ պետք չէր. օդանավակայաններում և կայարաններում, զբոսայգիներում և սրճարաններում արված մի շարք ուրվանկարներ` Օրբելյանի, Չեքիջյանի, Ֆրունզիկի դիմանկարներ են մնացել… Ավելի հեշտ կլինի թվարկել, թե ում դիմանկարը չի պատկանում նկարիչ Էռնեստ Բարսեղյանի վրձնին: Նրան հետաքրքրող անձանցից, իհարկե:

… Իսկ հետո վրա հասան Հայաստանի համար բոլոր առումներով մութ տարիները: Նա այդ տարիները լուսավորում էր իր լույսով, որքան կարող էր, մեկ տարվա մեջ երկու տարվա կյանք ապրում: Իր սեփական լույսն Էռնեստը չէր խնայում: Եվ հեռացավ այն ժամանակ, երբ երկրում հեռավոր մի լույսի շող նշմարվեց:

Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։