« Ճանապարհի հայ գյուղերը մեզ լավ էին դիմավորում, հաց էին տալիս, վառելիք և օգնություն էին ցույց տալիս, առանց իմանալու, որ մի օր էլ իրենք են մեր օրը ընկնելու: Եվ այդ երկար չտևեց… ». ՄԻ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.

Արծարծվող թեմաների շրջանակում առանձնակի պատմագիտական արժեք են ներկայացնում այն իրադարձությունների, դեպքերի և իրողությունների նկարագրությունները, որոնց հուշագրության հեղինակն՝ Արտաշես Խաչատրյանն անմիջական մասնակցել և ականատես է եղել։ Դրանցից անհրաժեշտ է առանձնացնել հատկապես երկուսը` 1914 թ. դեկտեմբերի վերջերին դեպի Ռուսական կայսրության սահմաններ Բայազետի հայության գաղթը և, հատկապես, Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ 1918 թ. ապրիլին կազմավորված Հայկական Առանձին Հարվածող Զորամասի կազմում հեղինակի ծառայության ժամանակաշրջանի (1918 թ. ապրիլ – 1918 թ. օգոստոսի 13) իրադարձությունների նկարագրությունը։ Այս առումով Արտաշես Խաչատրյանի հուշագրությունը կարող է դիտվել որպես կարևոր օժանդակ սկզբնաղբյուր նշված դեպքերի և իրադարձությունների ուսումնասիրության համար։

Բայազետում արդեն կյանքը սկսել էր վերականգնվել, ուզում էին դպրոցը նորից բացել, երբ լուր եկավ, որ ռուսը նահանջում է: ….Մինչև [1914 թ.] դեկտեմբերի 17-ի երեկոյան հայրս եկավ և իր հետ լուր բերեց, որ իրոք գաղթելու ենք: ….սկսեցինք ճամփի պատրաստություն տեսնել:

Ես լեզու չունեմ նկարագրելու մեր և առհասարակ այնտեղ ստեղծված դրությունը, միայն կարելի է մտովի պատկերացնել: Նահանջող զինվորներ, նրանց գումակներ, տասնյակ հազարավոր մարդիկ և անասուններ՝ ձիեր, կովեր, գոմեշներ, ոչխարներ, սայլեր ու դրանց կողմից բնականորեն ստացվող աղմուկը, որը իր եզն է կորցրել, որը՝ իր կովը, որն իր հորթին, որն էլ իր երեխան, կամ մի այլ հարազատը: Որը մրսում է, որն էլ ուզում է որքան կարելի է շատ առաջ գնալ: Այդ բոլորի վրա գումարած այն վախը, որ թուրքն ու քուրդը կարող են հարձակվել: Գոռում, գոչում, լաց ու աղաղակ, մայոց, բառաչ, ձիու խրխինջ` ահա մոտավոր պատկերը։ Ճանապարհի հայ գյուղերը մեզ լավ էին դիմավորում, հաց էին տալիս, բնակարան, վառելիք և ուրիշ շատ անհրաժեշտ բաներում օգնություն էին ցույց տալիս, առանց իմանալու, որ մի օր էլ իրենք են մեր օրը ընկնելու: Եվ այդ երկար չտևեց… 1918 թվին նրանք էլ տեղահան եղան, իրենց հայրենիքը, տունն ու տեղը զիջեցին թուրք հրոսակախմբերին:

Տասներկուերորդ օրը հասանք Էջմիածին․․․

Ռոբերտ Թաթոյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.