Գրիգոր Խաչմանյանի միակ արու զավակը՝ Գևորգը, որ մեզ փոխանցեց իր ցեղասպանված ընտանիքի պատմությունը ևս մեկ անգամ մատնացույց անելով թուրքական վայրագությունները.

Գրիգոր Խաչմանյանի դեռահաս միակ արու զավակը՝ Գևորգ Խաչմանյանը, իր մոր մահից հետո՝ միայնակ մնացած, Երևանում փնտրում և գտնում է Դամասկոսից ներգաղթած ընտանիքների, որոնց հետ կապն այնքան է սերտանում, որ նրանց վերաբերվում է որպես իր քույրերի և եղբայրների: Մինչ այժմ էլ ընտանիքը սերտ կապերի մեջ է այդ ընտանիքների հետ: Հայտնի է, որ Գևորգն ընդհանրապես շատ ընկերներ է ունեցել, որոնք մինչև հիմա էլ մեծագույն հարգանքով են խոսում այդ պարզ, բարի և ընկերասեր մարդու մասին: Մոր մահից հետո սկզբում Գևորգն աշխատանքի է անցնում Երևանի տրամվայների կայանում, իսկ հետո երեք տարով մեկնում է սովետական բանակ ծառայելու: Բանակում նա ծառայել է աշխատանքային գումարտակում, որտեղ սովորել է ներկարարի մասնագիտությունը, որն էլ զորացրվելուց հետո դարձել է նրա հիմնական զբաղմունքներից մեկը:

Գևորգի՝ բանակից զորացրվելուց հետո և հետագա տարիներին նրա քույրը՝ Աղավնին, իր ամուսնու և երեխաների հետ երկու անգամ այցելել է Հայաստան: Մեկ անգամ էլ Գևորգն է գնում Դամասկոս՝ Աղավնուն այցելության: Հետագայում Աղավնու որդին կրթությունը շարունակել է Հայաստանում և հաճախակի հյուրընկալվել մորեղբոր տանը: Աղավնին և Գևորգը մինչև իրենց կյանքի վերջը եղել են սերտ կապերի մեջ: Հիմա նրանց երկուսի ընտանիքներն էլ ամբողջովին տեղափոխվել, բնակվում են ԱՄՆ-ում և շարունակում են իրենց բարեկամական ջերմ փոխհարաբերությունները:

1958 թվականին՝ Երևանի ժամացույցների գործարանում աշխատելու տարիներին, Գևորգը ծանոթանում և ամուսնանում է Բեյրութից հայրենադարձված մի ընտանիքի դստեր՝ Ալիս Օդակյանի հետ: Նրանք ունենում են երկու արու զավակ՝ Գրիգոր (կրտսերը) և Կարապետը: Գևորգ Խաչմանյանը մահացել է 1977 թվականին: Նրա ավագ որդին՝ Գրիգորը, իր հորից հետո ընտանեկան պատմությունների հիմնական կրողն ու փոխանցողն էր: Նա հպարտանում էր իր ընտանիքով և սիրում էր պատմել անցյալի, բարեկամ-ընկերների մասին: Գրիգորն իր մասնագիտության ընտրությամբ հիմնականում հետևել է իր մեծ հորը՝ դառնալով նկարիչ-մանկավարժ.

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի