Հուշագրություն՝ որի մեջ ամփոփված է մի ամբողջ գրեդաստանի ճակատագիր ՝ 1915-ի արհավիրքը և ողջ մնալու ուժը.

Զուրկ չեն հետաքրքրությունից հայ–թուրքական, հայ–քրդական և հայ–ռուսական փոխհարաբերությունների, Հայաստանի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ ցեղասպանության ականատես Արտաշես Խաչատրյանի ` որոշ դեպքերում միամիտ, բայց երբեմն խորաթափանց գնահատականներն ու մեկնաբանությունները։ Արտաշես Խաչատրյանն աշխատել է իր հուշերի վրա 1968-1969 թթ. ընթացքում։ Ցավոք, 1969 թ. հուլիսի 30-ին վրա հասած մահը թույլ չի տվել հուշագրին ամփոփել, մաքրագրել իր աշխատանքը։ Այդ գործն իր վրա է վերցրել հուշագրության հեղինակի դուստր` Էմմա Խաչատրյանը (Ենոքյան)։

Էմմա Խաչատրյանն իր խմբագրումն ավարտել է 1979 թ.` կցելով դրան ծավալուն վերջաբան, որտեղ ներկայացրել է հուշագրության պատրաստման հանգամանքները, հուշագրությունում նկարագրված դեպքերից հետո Արտաշես Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, նրանց սերունդների ճակատագիրը։

Արտաշես Խաչատրյանի, Խաչատրյանների գերդաստանի հետագա կյանքն ու ընթացքը բազմաթիվ գծերով բնութագրական է ցեղասպանությունը վերապրած և Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերից շատերի համարկորսված հայրենի օջախի փոխարեն նոր տեղում նոր օջախի հաստատում, այն շենացնելուն ուղղված հետևողական ջանքեր, բազմազավակ ընտանիքի ստեղծում կարծես թե, ցեղասպանության ժամանակ զոհված ազգականների և բարեկամների կորստի ցավն ինչ–որ չափով ամոքելու, այն լրացնելու չգիտակցված կամ կիսագիտակցված ձգտումով (հուշագիրն ունեցել է ութ երեխա)։ Եղել են և դժվարություններ` Խաչատրյանների գերդաստանն անմասն չի մնացել ստալինյան բռնաճնշումներից, Երկրորդ աշխարհամարտի ծանր տարիների կորուստներից։

Վերջաբանի գրության ժամանակ 1979 թվականին, Խաչատրյանները մեծ և բազմանդամ գերդաստան էին` բազմաթիվ ճյուղերով և ճյուղավորումներով, որոնցից մեկը նշանավոր պատմաբան, պետական գործիչ, 1975-1985 թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանն էր (1929-1985), գերդաստան, որն իր օրինակի վրա խորհրդանշում էր եղեռնի արհավիրքից վերածնվելու, փյունիկի պես վեր հառնելու, ապրելու, ստեղծելու և ստեղծագործելու հայ ժողովրդի կամքը։

Ռոբերտ Թաթոյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.