Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը․ միայն իմանաք՝ ինչպես են հեծյալները դիմավորել ազգային հերոսին

1918 թվականի փետրվարին թուրքական կանոնավոր բանակը, խախտելով հրադադարը, Կովկասյան ռազմաճակատում անցնում է լայնածավալ հարձակման: Թուրքերի գերազանցող ուժերի առաջխաղացմանը փաստացի միայնակ դիմագրավում էին նորաստեղծ հայկական ազգային զորամասերը: Վիճակն ավելի էր բարդացնում Թիֆլիսում գործող Անդրկովկասի կառավարության անկազմակերպ գործունեությունը, որի պատճառով վերջնականապես կազմալուծվել էին թիկունքն ու ռազմաճակատը:

Այդ օրերին, երբ վտանգված էր հայրենիքը, 20-ամյա Հովհաննես Բաղրամյանը, որն արդեն ուներ ռազմական գործողություններին մասնակցելու բավականին փորձ, զինվորագրվում է հայկական հատուկ հեծյալ գնդի կազմում: 1918-ի մարտի սկզբին նա մի խումբ հեծելազորայինների հետ առաջադրանք է ստանում Կարսից շարժվել դեպի Սարիղամիշ, ապա առաջանալ Էրզրումի ուղղությամբ, որտեղ պետք է մասնակցեր Էրզրումի պաշտպանությանը՝ գեներալ Անդրանիկի հրամանատարությամբ այնտեղ գործող առանձին հարվածող դիվիզիայի կազմում:

Սակայն մարտի 12-ին Էրզրումն արդեն ընկել էր: Անդրանիկը, փակելով մեծաթիվ հայ գաղթականների թիկունքը, մարտերով նահանջում էր դեպի Սարիղամիշ: Այդ տխուր տեսարանին ականատես է լինում Հովհաննես Բաղրամյանը և հետագայում իր հուշերում նկարագրում, թե ինչպես էին ճանապարհով անցնում գաղթականների անվերջանալի շարասյուները՝ իրենց ընտանի կենդանիներով ու սայլերին բարձած կահկարասիով, իսկ ճանապարհի երկու կողմերում նահանջի անվտանգությունն էին հսկում հայ զինվորները:

Լեգենդի հետ հանդիպումը

Զորավարի հետ Բաղրամյանի հանդիպումը կայանում է 1918 թվականի մարտին՝ Սարիղամիշի մոտ գտնվող Խորասան գյուղում։ Ինչպես Բաղրամյանի կենսագիր Արամայիս Մնացականյանն է նշում, դիվիզիոնի հրամանատար Ամիրխանյանը և ավանգարդային դասակի պետ Բաղրամյանը ներկայանում են Անդրանիկին, զեկուցում դիվիզիոնի ժամանելու մասին: Անդրանիկն ընդունում է զեկույցը, հարցումներ կատարում կազմի, զինվածության, մարտական ուժերի մասին: Նա զայրացած էր և մեղադրանքի խոսքեր էր ասում Անդրկովկասի կոալիցիան կառավարության հասցեին, որոնք կազմալուծել էին ռազմաճակատը, ծանր վիճակի մեջ դրել հայ ժողովրդի վերապրած հատվածը:

Այնուհետև Անդրանիկը Ամիրխանյանի և Բաղրամյանի ուղեկցությամբ անցնում է հեծյալների շարքերի առջևով և ողջունում նրանց: Հեծյալ զինվորները «ուռա»-ներով են դիմավորում ազգային հերոսին: Անդրանիկը հրամայում է դիվիզիոնը շարժել դեպի Քյոփրիքեյ բնակավայր, դիրքավորվել այնտեղ, կազմակերպել դիմադրություն թուրքերին և որոշ ժամանակով կասեցնել հակառակորդի առաջապահ ուժերի շարժումը դեպի Խորասան գյուղ, որպեսզի նահանջող գաղթականությունը հասցնի հեռանալ և փրկվի կոտորածից: Դիվիզիոնը, որի կազմում էր նաև Բաղրամյանի դասակը, հաջողությամբ կատարում է Անդրանիկի մարտական կարևոր առաջադրանքը:

Հատված Ռուբեն Շուխյանի հոդվածից։