ՀԱՅ բեմադրիչ և դերասան ով իր կերտած կերպարների համար արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների. ՆԱ միաժամանակ ղեկավարել է և՛ հայկական, և՛ ուզբեկական ստուդիաները.

Բեմադրիչ, դերասան ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՈՎ ծնվել է Մոսկվայում: Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1917թ. ավարտել է Ս.Ռոստովցևի մասնավոր գիմնազիան: 1918թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: 1920-30թթ միաժամանակ ղեկավարել է 1-ին, 2-րդ, 3-րդ հայկական, նաև` ուզբեկական ստուդիաները, 1924թ-ից` իր ստեղծած թատրոն-ստուդիան: 1924թ-ից դասավանդել է Միխայիլ Շչուկինի անվան թատերական ուսումնարանում (1946թ-ից` պրոֆեսոր):

Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» (Տրուֆալդինո ու Պանտալոնե), Պ.Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը» (Փոխարքա), Դ.Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին» (Սինիչկին), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Բենեդիկտ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դոմենիկո), Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» (Սիրանո), Ա.Ռժեշևսկու և Մ.Կացի «Օլեկո Դունդիչ» (Օլեկո Դունդիչ) և այլն: Վերջին երկու դերի համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Բեմադրել է Լ.Սլավինի «Ինտերվենցիա», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Ն.Վիրտայի «Մահապարտների դավադրությունը» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1950թ.), Լ.Զորինի «Վարշավյան մեղեդիներ» և այլ ներկայացումներ:

Նկարահանվել է «Ծովակալ Նախիմով» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1947թ.), «Բոռը» (1955թ.) ֆիլմերում: Մոսկվայի հայկական ստուդիաներում բեմադրել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» և այլ պիեսներ: Մեծապես նպաստել է հայ պրոֆեսիոնալ դերասանական արվեստի առաջընթացին, մասնավորապես` Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Թադևոս Սարյանի, Սուրեն Քոչարյանի և ուրիշների գեղարվեստական դաստիարակությանը: Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) և Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրել է Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» պիեսը, իսկ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Պ.Չայկովսկու «Պիկովայի դամա» օպերան: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Լենինյան մրցանակի: Մահացել է Մոսկվայում: