Ռուսաստանի վաստակավոր և ժողովրդական ԱՐՏԻՍՏ՝ բեմադրիչ ԵՎԳԵՆԻ ՍԻՄՈՆՈՎ, ով եղել է շուրջ 50 բեմադրությունների ռեժիսոր. Բեմադրել է ՇԵՔՍՊԻՐԻ գրեթե բոլոր ստեղծագործությունները.

Բեմադրիչ ԵՎԳԵՆԻ ՍԻՄՈՆՈՎ ծնվել է Մոսկվայում: Եղել է դերասան, ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի որդին: 1947թ. ավարտել է Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական բաժինը: Հետագայում դասավանդել է նույն ուսումնարանի ռեժիսուրայի ամբիոնում, Թատերական արվեստի պետական և Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտներում: 1958թ-ից աշխատել է Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր: 1962թ. նշանակվել է Մոսկվայի Փոքր թատրոնի գլխավոր ռեժիսոր, որին զուգահեռ աշխատել է Ե.Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ 1969-87թթ եղել է գլխավոր ռեժիսորը:

Գրել է բազմաթիվ պիեսներ, որոնք նաև բեմադրել է` «Ալեքսեյ Բերեժնոյ», «Ջոն Ռիդ», «Մահ Պավել Առաջինին» և այլն: Եղել է շուրջ 50 բեմադրությունների ռեժիսոր, որոնք բեմադրել է տարբեր թատրոններում, հեռուստաթատրոնում: Բեմադրել է Վ.Շեքսպիրի «Երկու վերոնացի», «Անտոնիոս և Կլեոպատրա», «Օթելլո», Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ», Յ.Գյոթեի «Ֆաուստ», Ա.Բլոկի «Վարդ և խաչ», Է.Բրագինսկու «Հանդիպումներ ճանապարհին», Ա.Արբուզովի «Սպասում», «Քաղաքը լուսաբացին», «Մեզ ինչ-որ տեղ սպասում են», Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս», Վ.Զորինի «Թագադրում», Ֆ.Գլադկովի «Թատրոնի երիտասարդությունը», Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Մ.Գորկու «Արևի երեխաները» և այլն:

1973թ. նկարահանել է «Իրկուտսկյան պատմություն», 1989թ.` «Ննջարանային խուց» ֆիլմերը: 1961թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1969թ.` ժողովրդական, 1975թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1975թ. և 1981թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի կոչումներին: Մահացել է Մոսկվայում: