Լսել եք ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆԻ մասին. ՆԱ շարունակեց իր ԳԱՂԹԱԿԱՆ պապի գործը ու երազանքը դարձրեց իրականություն, ստեղծելով Հոլիվուդի «Ստեղծարար ձեռքեր» արվեստի դպրոցը.

Գրիգոր Խաչմանյան կրտսերը ծնվել է 1960 թվականին, Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Երևանի գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանի ոսկերչության բաժնում: Այս մասնագիտությանն ի հավելում՝ Գրիգորը 1980-1985 թվականներին ընդունվում և ավարտում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Նկարչագծագրական ֆակուլտետը: Նրա ավարտական աշխատանքը միջնադարյան արծաթյա գրքակազմերի և մասնատուփերի մասին էր, որտեղ նա համադրել և իրացրել էր ոսկերչի և նկարչի իր մասնագիտությունները: 1985 թվականին Գրիգորն ամուսնանում է Սոֆի Մաթևոսյանի հետ, որոնք նույնպես ունենում են երկու արու զավակ՝ Գևորգը և Արշակը:

1988 թվականին ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ միանալու իրենց մոր՝ Ալիս-Օրդակյան-Խաչմանյանի ընտանիքին: Հայ երեխաներին նկարչական կրթություն տալու և նրանց համար հայկական միջավայր ապահովելու նպատակով, 1991 թվականին, Խաչմանյան ամուսինները Հոլիվուդի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցուն կից հիմնել են «Ստեղծարար ձեռքեր» արվեստի դպրոցը, որի առաջին աշակերտները եղել են ընտանիքի, բարեկամների և եկեղեցու անդամների երեխաները: Այս՝ երեք տասնամյակների պատմություն ունեցող դպրոցը գործում է մինչ այժմ: Անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ հայ երեխաներ են այստեղ կրթվել: Նրանց մի մասը հետագայում իրենց կրթությունն արվեստի զանազան ճյուղերում շարունակել է ամերիկյան տարբեր բուհերում: 2013 թվականից սկսած ավանդույթը շարունակում են Գրիգորի կինը և որդիները:

Վերադառնալով Ավագ Գրիգոր Խաչմանյանին՝ հարկ է շնորհակալությամբ նշել, որ նրա կյանքն ու գործունեությունը դարձել է կարևոր ուղենիշ իր սերունդների համար, որը կամա թե ակամա՝ ձևավորել է ավանդույթ և այդ ավանդույթը կենդանի է մնացել ու շարունակվում է: Ընտանեկան այս պատմության մեջ դժվար է չնկատել արվեստի ազդեցությունը և նրա կարևորությունը, որը որպես ժառանգություն նկարչից՝ փոխանցվել է նրա երեխաներին, ծառայելով որպես սերունդները կապող կամուրջ, որի միջոցով ավագ Գրիգոր Խաչմանյանի մասին հիշողությունը և նրա ազդեցությունն անցել է իր թոռանը՝ կրտսեր Գրիգոր Խաչմանյանին և մինչ այժմ ապրում է իր ծոռների մեջ: Նկարչի ծոռները նույնպես կրթվել և աշխատում են արվեստի զանազան բնագավառներում: Նաև՝ գտնվելով հայրենիքից շատ հեռու, շարունակում են օգնել հայ երեխաներին՝ նկարչության միջոցով կրթվել և մեծանալ արվեստի միջավայրում:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի