Ինչպես Յուղաբերն՝ նկարիչ Գրիգոր Խաչմանյանի ԿԻՆԸ փրկեց նրան ԹՈՒՐՔԵՐԻՑ. Նրանք ունեին ընդհամենը 3 օր փախչելու համար.

Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը տեղահանության և գաղթի ընթացքում կորցրել է իր ընտանիքը՝ իր չորս եղբորը և քրոջը: Միայն հետագայում՝ Դամասկոս հաստատվելուց հետո, կարողացել է գտնել ու կապ հաստատել Հայաստան հայրենադարձված իր քույր Մարիամի հետ: Յուղաբերը նույնպես կորցրել է իր ընտանիքը, որովհետև նրա ընտանիքի անդամների հետ կապված տեղեկություններն ընդհանրապես բացակայում են:

Ադաբազարի տեղահանությունների մասին գրականությունից հայտնի է, որ թուրքական կառավարության հրահանգով երեք օրվա ընթացքում քաղաքի ողջ հայ բնակչությունը պետք է պատրաստվեր և հեռանար հայրենի քաղաքից: Որոշում էր կայացվել գնացքով նրանց տանել Կոնիայի ճանապարհով դեպի Էսկիշեհիր, Քյոթահիա, Սիմավ և այլ բնակավայրերով դեպի անապատները: Ադաբազարից և այլ վայրերից գաղթած հայերին, Գաթմա քաղաքում, թուրքական կառավարության հրահանգով հավաքել են մի հավաքակայանում: Այս խմբին պատկանող հայերից ոմանք ցրվեցին վերը նշված բնակավայրերում, մեծ թվով մարդիկ ոչնչացան համաճարակներից և այլ հիվանդություններից, իսկ մի մասն էլ հետագայում աքսորվեց Դամասկոս: Ամենայն հավանականությամբ Գրիգոր Խաչմանյանի ընտանիքն այս խմբի մեջ է գտնվել, կամ՝ Մզերիպ կոչվող գյուղում հավաքված խմբի մեջ: Պահանջվող մասնագիտություններ կամ հմտություններ ունեցող մարդկանց Գաթմայում, նաև Մզերիպում բաժանում էին ընդհանուրից և հավաքում մի առանձին խմբում, որպեսզի նրանց աշխատեցնեին Թուրքիայի տնտեսության և մշակույթի զարգացման համար, իսկ ժողովրդի մնացած հատվածը պետք է քշվեր անապատներն ու ոչնչացվեր:

Ըստ ընտանիքում պահպանված պատմության՝ հայերի «տեսակավորման» ժամանակ, երբ Գրիգորին ու Յուղաբերին բերում են «տեսակավորող» հանձնախմբի առջև, Գրիգորը կարկամում է ու չի կարողանում անմիջապես կողմնորոշվել, թե ինչպես պատասխանի նրանց հարցերին, որպեսզի հնարավոր լիներ փրկել իրենց կյանքը: Բարեբախտաբար, Յուղաբերն արագ կողմնորոշվում է և համարձակվում հայտարարել, որ իր ամուսինը նկարիչ է: Հանձնախումբը որոշում է նրանց կյանքը խնայել և միացնել ընտրվածների խմբին:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի