ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆԻ պահպանված աշխատանքները. ՆԱ նկարել է հատուկ տեխնիկայով՝ մետաքսի փոշով, որի գաղտնիքը այդպես էլ չբացահայտվեց. Պահպանվել է միայն այդպիսի 2 կտավ.

Համառոտ անդրադառնանք Գրիգոր Խաչմանյանի պահպանված աշխատանքներին: Ինչպես նախապես նշվեց, նկարիչը նկարել է նաև մետաքսով: Նկարելու այս տեխնիկայի մասին 1980-ական թվականներին մեզ պատմել է Երևանում բնակվող սիրիահայ տիկին Էլիզը (ազգանունը հայտնի չէ), որի ընտանիքը, իր նորահարս եղած տարիներին, Խաչմանյան ընտանիքի հետ մոտ դրկիցներ են եղել: Նա պատմում էր, որ Յուղաբերը նախ մետաքսե գունավոր թելերն առանձին գույներով շատ մանր կտրատում և հավաքում էր առանձին ծրարների մեջ: Այնուհետև նկարիչն իր անձնական բաղադրատոմսով պատրաստված հատուկ սոսնձով պատում էր կտավի վրա որոշված գույնի համար նշված տարածքը: Հետո նա համապատասխան գույնի մետաքսի փոշին լցնում էր նուրբ մաղի մեջ և ներքևից՝ փոքր մուրճով զգուշությամբ հարվածելով մաղին, մետաքսի փոշին հավասարաչափ շերտով տարածում էր կտավի տեղայնացված մակերեսին: Մետաքսի փոշին տարածվելով կպչում էր կտավին՝ ստեղծելով նուրբ, թավշանման մակերես:

Նկարի որոշ տարածքներ էլ, ինչպես օրինակ՝ կերպարների երեսները, ձեռքերը կամ նկարի այլ տարրեր, նկարիչն ավարտել է յուղաներկով նկարչությամբ, իսկ որոշ գծային լուծումներ էլ նուրբ վրձնով կամ փափուկ մատիտներով են արված: Այս տեխնիկայով ստեղծված երկու աշխատանքներ կան ընտանեկան հավաքածուում, որոնք ևս մեկ յուղաներկ աշխատանքի հետ միասին Խաչմանյան ընտանիքին է նվիրվել Լոս Անջելեսում բնակվող մի սիրիահայ ընտանիքի կողմից: Դրանք երկուսն էլ հրեշտակների պատկերներ են: Նկարչի երեք ստեղծագործություններ պատկանում են նրա թոռներից մեկին՝ Աղավնու որդի Արային, իսկ երկու գործեր էլ պահվում են նրա քրոջ՝ Սարփիի հավաքածուում: Գրիգոր Խաչմանյանի վրձնին պատկանող մեզ հայտնի գործերի ընդհանուր թեմատիկան ընդգրկում է ծովանկարներ, մեկ բնանկար և հրեշտակներ: Ինչպես նախապես նշվեց, նկարիչը հայ և հույն եկեղեցիների համար Տերունական թեմաներով մեկ տասնյակից ավելի նկարներ է վրձնել, որոնց մի մասը մեծադիր կտավներ են: Իր ստորագրությունը կրող «Խորհրդավոր ընթրիքի» առջև նստած նկարչի լուսանկարն առկա է ընտանեկան հավաքածուում .

Ակնհայտ է, որ նշված նկարներն անձնական պատվերներ են եղել և դրանց թեմատիկան ընտրվել և պատվիրվել է նրա հաճախորդների կողմից: Ցավոք, առկա հավաքածուն չափազանց փոքր է գաղափար կազմելու համար նկարչի անձնական նախասիրությունների և կարողությունների ամպլիտուդայի մասին: Մի բան վստահաբար պարզ է սակայն, որ նկարչությունը կամ նկարելու նրա կարողությունները փրկել են Գրիգոր և Յուղաբեր Խաչմանյանների կյանքերը, նաև՝ նկարչի կյանքն ու արվեստի բնագավառում նրա ձեռքբերումներն ունեցել են անժխտելի ազդեցություն նրանց գալիք սերունդների վրա:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի