«Գյավո՛ւր, ուզածդ արեցի՞ր…» ՄԶԿԻԹԻ ԳԱՂՏՆԻ ԽԱՉԵՐԸ, որ փրկեցին ամուսինների կյանքը. Իրական պատմություն գաղթական ՀԱՅԻՑ.

Թուրքիայի Մզերիպ կոչվող գյուղում մի հարուստ թուրք բեյ մի մզկիթ էր կառուցել: Այն ներքին հարդարման կարիք ուներ և այդ գործը հանձնարարվում է Գրիգոր Խաչմանյանին: Հայտնի է, որ նա համարյա մեկ տարի աշխատել է մզկիթի նկարազարդման վրա: Մուսուլմանական հավատատեղին նկարազարդելու պատճառով, ամենայն հավանականությամբ, նկարիչն Աստծո առջև իրեն մեղավոր է զգացել և իր աշխատանքն արդարացնելու միտումով մզկիթի առաստաղի չորս անկյուններում, զարդերի մեջ միահյուսված, չորս խաչեր է պատկերել:

Ասում են, որ երբ բեյը եկել է տեսնելու ավարտված աշխատանքը, նկատել է խաչերը և դիմելով նկարչին հոխորտացել է՝ «Գյավո՛ւր, ուզածդ արեցի՞ր…»: «Ի՞նչ եմ արել» պատասխանել է նկարիչը: «Դու շատ լավ էլ գիտես, թե ինչ նկատի ունեմ, բայց ընդհանուր զարդարանքը գեղեցիկ է ստացվել, թող այդպես էլ մնա»: Այսպիսով Գրիգորի և Յուղաբերի կյանքը խնայվում է: Հետագայում, հայտնի չէ, թե այդտեղից նրանք ինչպես են հեռացել, սակայն, ինչպես իրենց բախտակիցներից շատերը, նրանք որոշել են գնալ Դամասկոս:

Գրիգորի ավագ թոռներից մեկը՝ դամասկոսաբնակ Սարփին իր մայր Աղավնու պատմություններից տեղեկացնում է, որ Դամասկոս հասնելուց հետո Գրիգորը և Յուղաբերը ծանոթանում են մուսուլման արաբ մի ընտանիքի հետ, որը նրանց օգնում է նոր և անծանոթ քաղաքում իրենց կյանքը կարգավորելու գործում: Սարփին համոզված է նաև, որ իր մեծ հայրը մետաքսաթելերով նկարելու տեխնիկան սովորել է հենց այդ տիկնոջից: Նկարելու այս տեխնիկան Գրիգորը, հետագայում վերամշակելով և ավելի զարգացնելով, հաճախ է օգտագործել իր ստեղծագործություններում, և հետագայում էլ ինքը շատերին սովորեցրել է այն: Ընտանիքում պահպանված են մետաքսի տեխնիկայով արված երկու աշխատանքներ, որոնց մասին մանրամասն կխոսվի ստորև:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի