Նկարիչ Գրիգոր Խաչմանյանի կյանքի պատմությունը. Գիտե՞ք թե նա ինչպիսի ՆՈՐ մասնագիտություն է սովորել հանուն իր ԱՆԵՐԻ.

Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը ծնվել է 1890-ական թվականներին, Թուրքիայի Սաքարիա վիլայեթի հայաշատ և հայախոս Ադաբազար քաղաքում: Նրա հայրական ընտանիքի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Միայն հայտնի է, որ ընտանիքն ունեցել է հինգ արու զավակ և մեկ դուստր: Հայտնի չէ, թե որտեղ է Գրիգորը ստացել իր նկարչական կրթությունը, սակայն հայտնի է, որ երիտասարդ հասակում Ադաբազարում նա արդեն զբաղվել է նկարչությամբ: Գրիգոր Խաչմանյանի մասին տեղեկությունները մեզ են հասել նկարչի թոռ՝ կրտսեր Գրիգոր Խաչմանյանի միջոցով, որն այդ պատմությունները լսել էր իր հորից՝ Գևորգ Խաչմանյանից, ով էլ իր հերթին՝ իր մայր Յուղաբերից, նաև՝ իր քույր Աղավնուց:

Ընտանիքում պահպանված տեղեկությունների համաձայն չափահաս տարիքում Գրիգորն ամուսնության առաջարկություն է արել համաքաղաքացի Շեքերջի (քաղցրավենիքների վաճառական) Մելքոն աղայի դստերը՝ Յուղաբերին: Այս հարուստ վաճառականը հավանել է փեսացուին, սակայն առարկել է նրանց ամուսնությանը, քանի որ նկարչի մասնագիտությունը ֆինանսական և տնտեսական առումներով ոչ շատ եկամտաբեր լինելու պատճառով չի գնահատվել տեղի հասարակության կողմից: Հետևաբար, Մելքոն աղան առաջարկել է Գրիգորին, իր ֆինանսական հովանավորությամբ և միջոցներով, գնալ Պոլիս՝ դեղագործություն սովորելու, որպեսզի ինքը կարողանա իր բարեկամներին և համաքաղաքացիներին ներկայացնել, որ իր դստերը դեղագործի հետ է ամուսնացնում:

Ընտանիքում պահպանված տեղեկություններից հայտնի է, որ Գրիգորը գնացել է Պոլիս՝ դեղագործություն սովորելու: Կարելի է ենթադրել, որ նա չի հասցրել իր ուսումն ավարտել, որովհետև հայտնի է նաև, որ երիտասարդները հապշտապ են ամուսնացել: Երբ 1915 թվականի օգոստոս ամսին սկսվել է Ադաբազարի հայերի տեղահանությունը, նրանք երկուսով միասին են հեռացել քաղաքից: Հետագայում էլ, չնայած ֆինանսական դժվար պայմաններին, Գրիգորը երբեք որպես դեղագործ չի աշխատել և իր ապրուստը միայն նկարելով է վաստակել:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի