«Մեկ Մասիս սարը տեսնիմ, մեկ Էջմիածին այցելեմ և մեկ հատ ալ հայ փոլիս մը տեսնիմ ու բարև ըսեմ և անկե վերջը մեռնիմ ալ՝ հոգս չէ». Երազանք, որ այդպես էլ մնաց անկատար.

Սկզբնական շրջանում Խաչմանյանները բնակվել են Դամասկոսի Բահսա թաղամասում, որտեղ այդ տան առաջին հարկում Գրիգորը հիմնել է իր փոքրիկ արվեստանոցը կամ՝ ինչպես ընդունված է եղել կոչել՝ ատելյեն: Ըստ ծանոթ- բարեկամների պատումների՝ նա իր արվեստանոցում նաև դասավանդել է: Ասվում է, որ իր աշակերտների մեջ եղել են նաև արաբ մուսուլման կանայք, որոնք նրանից սովորել են մետաքսով նկարելու տեխնիկան: 1919 թվականին Խաչմանյանները երջանկանում է իրենց դստրիկով, որին նրանք անվանում են Աղավնի (ծն. 1919-մահ. 1985): Երբ Աղավնին դպրոցական տարիքի էր, ամուսինները որոշում են նրան ուղարկել Դամասկոսի Իտալացի մայրապետների դպրոցը: Դպրոցին ավելի մոտ գտնվելու նկատառումով, ընտանիքը տեղափոխվում է Դամասկոսի Առնոս թաղամասը:

Աղավնուց հետո Խաչմանյանները տասը-տասնմեկ տարի երեխա չեն ունենում, իսկ Գրիգորը երազում էր արու զավակ ունենալու մասին: Գրիգոր կրտսերի պատմություններից մեզ հայտնի է դարձել, որ նա ուխտել է, արու զավակ ունենալու դեպքում, որպես նվեր Աստծուն, մի եկեղեցի նկարազարդել: 1930 թվականին կատարվել է Գրիգորի Խաչմանյանի երազանքը՝ ծնվել է իր որդին՝ Գևորգը (Գրիգոր կրտսերի հայրը): Համաձայն իր ուխտի՝ նա նկարազարդում է Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցին: Գրիգոր Խաչմանյանի նկարները մինչ այժմ էլ զարդարում են այդ եկեղեցու սրահի պատերը: Նկարիչը հետագայում նկարազարդում է մի հունական եկեղեցի ևս, որի գտնվելու վայրը մեզ հայտնի չէ, սակայն ընտանեկան լուսանկարների հավաքածուում պահպանվել են երեք համանման լուսանկարներ, որոնցից ներկայացվում է միայն մեկը:

Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը մահացել է 1939 թվականին: Նրա մահից հետո ընտանիքի համար դժվարացել էր ապրուստի միջոց հայթայթելը և 1945 թվականին Յուղաբերը դեռահաս Գևորգի հետ հայրենադարձվել է Հայաստան՝ Դամասկոսում թողնելով արդեն ամուսնացած Աղավնուն: Գրիգոր կրտսերը պատմում էր, որ իր մեծ մայր Յուղաբերի երազանքն է եղել գնալ Հայաստան և այդ առիթով արտահայտված նրա երազանքը պահպանվել է երեք ցանկությունների տեսքով՝ «Մեկ Մասիս սարը տեսնիմ, մեկ Էջմիածին այցելեմ և մեկ հատ ալ հայ փոլիս մը տեսնիմ ու բարև ըսեմ և անկե վերջը մեռնիմ ալ՝ հոգս չէ»: Հայրենադարձվելուց հետո՝ շատ չանցած, 1946 թվականին իր մահկանացուն է կնքում նաև Յուղաբերը, իրենից հետո միայնակ ու որբ թողնելով իր 16 տարեկան որդուն: Մինչ այժմ դամասկոսաբնակ մեծահասակ հայերից ոմանք դեռ պատմում են նկարչի մասին: Նրանցից մեկը` Հերմինե Բոյաջեանը, վերջերս մեզ պատմում էր, որ Գրիգոր Խաչմանյաննը այնքան գնահատված է եղել Դամասկոսի հայ գաղութում, որ շատերն են ուզել նրա աշխատանքներից ունենալ և երբ ինչ որ մեկի տանը տեսել են նրա գործերից, հարցն անմիջապես հետևել է՝ «Դուք ա՞լ Խաչմանյան ունիք»:

Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի