«Ամբողջ աշխարհը լի է օբսիդիանով, բայց ինձ հենց ՀԱՅԿԱԿԱՆՆ է հարկավոր» «Սատանայի եղունգը». միայն իմանաք՝ ինչպես «Սատանայի եղունգը» ոգևորեց ֆրանսահայ Թունդարյանին

Լեգենդար անձինք իրենք են լեգենդներ ստեղծում և, երբեմն, դեմ չեն դառնալու այդ լեգենդների հեղինակները։ Համաձայնեք, որ մի քիչ խորհրդավորությունը նաև հմայք է հաղորդում: Չեմ կարող պնդել, թե Թիերի Թունդարյանը հորինում է, բայց ասում է, որ գիտի, թե Հայաստանում որտեղ կարող ես գտնել կապույտ օբսիդիան, ինչը շատ հազվադեպ է: Այդ վայրը, ըստ Թիերի, Հայաստանում փորձում են գաղտնի պահել, և հազվագյուտ այցելու դա գիտի:

Մեր երկրաբանները կարող են հաստատել դա ու նաև հերքել: Սակայն, նույնիսկ եթե կապույտ օբսիդիանը բառացիորեն ոտքերի տակ ընկած լիներ, ապա դրան ստիպել  «սատանի եղունգից» վերածվել մի հրաշալի  մանյակի, վզնոցի կամ թևնոցի`կարող է միայն մեծ Վարպետը` Թիերի Թունդարյան-Վանդը:

Թիերին, ով  ճակատագրի բերումով պիտի դառնար Ֆրանսիայի ամենահայտնի դիզայներն ու ոսկերիչը, ծնվել է 1964 թվականին, Փարիզի մոտակայքում`Վիլլմոբլում: Հայրը` Ժան Վանդոմը,  իսկ իրականում, փաստորեն, Օհան Թունդարյանը, բավականին հայտնի էր ոսկերչական գործում:  Հորից որդուն է անցել հմտությունը և յուրաքանչյուր գաղափարի յուրօրինակության և եզակիության զգացողությունը,  որն առանձնացնում է վարպետին բազմության մեջ:

Թիերին պատմում է, որ հոր  զարմանալի տաղանդն օգնել է  նրան զարգացնել սեփական գեղարվեստական տեսլականը: Իսկ Օհանը հայրիկը, տեսնելով որդու անզուգական ունակությունները և ուրախանալով այս բացահայտումից,  մեծահոգաբար նրան տեղ է տվել իր արվեստանոցում, որի մեծ պատուհանը նայում էր  Սենտ-Օնորե փողոց: Որդին անգնահատելի հնարավորություն է ունեցել գրեթե մեկ քառորդ դար աշխատելու հոր հետ:

Թիերին ոգեշնչվում է  մշտական ճանապարհորդություններից, նրան միշտ ձգում են էկզոտիկ երկրները, նրա անձնագրում կան Իսլանդիայի, Կամերունի, Պոլինեզիայի կղզիների և էլի շատ ու շատ երկրների մուտքի արտոնագրեր: Վերջին տարիներին նա հաճախ սկսել է գալ իր պատմական հայրենիքը: Թիերին ասում է, որ իր ընտանիքի վրա, ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքների, մեծ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը:  Ահա օրինակ` նրա զարդերից  մեկը, որ ստեղծվել է այդ մռայլ թեմայի ոգեշնչմամբ,  մի ադամանդներով ոսկյա մանյակ է, որը  բաղկացած է փամփուշտների և ռումբերի բեկորներից, այլ զինամթերքների և կոտրած խաչի մասնիկներից:

Թիերի Վանդոմը իր ստեղծագործությունները բաժանում է օրգանականի, քանդակվածի և, ինչպես ինքն է ասում, « հանքայինի», բայց միշտ ձգտում է հավասարակշռություն պահպանել աբստրակցիայի անսպասելիության և ոսկերչական արվեստում ընդունված գեղեցկության դասական կանոնների միջև: Բնական քարերն ու մի շարք առարկաներ, որոնք առաջին հայացքից ոչ մի կերպ չեն կարող օգտակար լինել ոսկերչական բիզնեսին, աննկարագրելիորեն համադրվում են թանկարժեք քարերի և ազնիվ մետաղների հետ: Այսպես էլ ստեղծվում է հերթական գլուխգործոցը,  որի խորքային հմայքը միանգամից գուցե և չի հասկացվում:

Այս ամենը ծնվում է տասնամյակների ընթացքում իր հոր աշխատանքին հետևելու արդյունքում, որը նա մեծահոգաբար ներկայացնում է իր որդուն: Իհարկե, հայրիկի դասերը ապավինում էին աշակերտի յուրահատուկ տաղանդին, բայց, փառք Աստծո, դրա պակասը չկար: Քմահաճ Փարիզը ճանաչել և ընդունել է Թիերի Վանդոմին` մեկընդմիշտ դադարելով նրան անվանել «այն ոսկերիչի որդին»: Այժմ նա արդեն ինքնուրույն է, և ինքն է իր տերը:

«Իրականում ես շատ եմ սիրում անսպասելի համադրություններ: Իմ ստեղծագործություններում ես հակադրական էֆեկտի հաճախ եմ հասնում` ոչ ավանդական նյութերի հետ օգտագործելով ոսկի և ադամանդ: Սովորաբար, հավաքում եմ դրանք ճամփորդությունների ժամանակ: Շատ եմ սիրում ձեռքերով հողը փորփրել և փոքրիկ ու հետաքրքիր իրեր գտնել, թող դրանք կեղտոտ լինեն, մաշված կամ ժանգոտած:  Հենց դրանց սեփական պատմության առկայությունը հիանալի հավելված է դառնում թանկարժեք քարերի և ազնվական մետաղների համար: Չմշակված ոսկին հասարակ մետաղների հետ` սա իմ «ֆիրմային» համակցությունն է, որը  թույլ է տալիս  կրկնել վայրի բնության և մաքուր գեղեցկության խառնուրդը, որը նույնպես բնությունն ինքն է ստեղծում», — մի հարցազրույցի ժամանակ ասել է Թիերի Վանդոմը:

«Փոքր հետաքրքիր առարկաներ»`սրանք գրեթե այն ամենն է, ինչը կարող է ընկնել ձեռքիս տակ` ապակի, փայտ, սատկած թռչունների ոսկորներ, ծովափնյա լողափի խխունջներ, և այլն: Թիերի Թունդարյանը սիրում է նաև տարբեր փորձեր կատարել ժանգով, իհարկե` դեկորատիվ: Երկար ժամանակ գլուխ ջարդել պետք է եղավ, թե այդ դեկորատիվ ժանգը որտեղից գտնել: Մոտակայքում մի այդպիսի վայր գտնվեց, որ նախկինում ռազմական բազա էր եղել, այնտեղ նա  հավաքում էր ռումբերի  ժանգոտ բեկորներ և մետաղյա տեխնիկայի կտորներ:

Թիերին ասում է, որ ինքն այս ուղղվածության հայտնաբերողը չէ, աշխարհում կան դիզայներներ, որոնք դեմ չեն զվարճանալու տարբեր ժանգոտ բաներով, բայց որքանով նրան է հայտնի, միայն ինքն է կարողանում  ժանգին ադամանդներ ամրացնել և դեռ մտադիր չէ  բացահայտել իր տեխնոլոգիայի գաղտնիքը: Միգուցե ինչ-որ մեկին, երբևիցե…

Մի անգամ Թիերրի Թունդարյանի մշտական հաճախորդուհիներից մեկը տեղափոխվեց նոր տուն, որտեղ վերանորոգում սկսեց: Դրանից հետո հաճախորդը բերեց նրան մի տոպրակ ժանգոտ մեխ` խնդրելով մի որևէ բան սարքել դրանցից: Այդ մեխերը բավականին երկար էին պտտվում Թիերիի գլխում, ինչն ավարտվեց նրանով, որ նա ստեղծեց ոսկյա վզնոց` պատված տիկնոջ բերած բոլոր մեխերով և ձիթակնով (օլիվինով). այդ քարը քրիզոլիտների բազմաթիվ ընտանիքից է: Ավելորդ է ասել, որ հաճախորդը շոկի մեջ էր և հիացած հին մեխերով հորինվածքից:  Երբ մենք իմանայինք, թե ինչպիսի աղբից ինչ…

Դրանից հետո, երբ Թիերի Վանդոմը տարվեց հայկական օբսիդիանով, պետք է ենթադրել, որ այն, այսինքն`օբսիդիանը, առանձնահատուկ բան է: Վանդոմն ասաց, որ ամբողջ աշխարհը լի է օբսիդիանով, բայց նրան հենց հայկականն է հարկավոր,  այն բոլորից շատ կկիրառվի  նրա գլխում ակնթարթորեն ծնված ոսկերչական հավաքածուի գործերում: Այս հավաքածուն նա ստեղծեց` անվանելով  այն «Հայաստան. ոգեշնչման երկիր»:

Հեղինակ՝ Ռուբեն Գյուլմիսարյան: