«Արի քեզ սովորեցնենք, թե ինչպես պետք է կրակել». դեպք ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ կյանքից, որի մասին քչերը գիտեն

«Առնո, ինչպե՞ս ես գտել այդ ռուսական երգը»,- «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի պրեմիերայից հետո հարցրել են անվանի կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանին: «Տանը, դաշնամուրի մոտ նստած»,- պատասխանել է կոմպոզիտորը։

Ահա, թե ինչ է պատմել երաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը այն մասին թե ինչպիսին է եղել կյանքում Առնո Բաբաջանյանը:

— 1948 թվականն էր: Ես 10 տարեկան էի: Շենքի մի մասում ապրում էինք մենք՝ մորս և խորթ հորս հետ, որը հիանալի մարդ էր, անվանի ջութակահար Ավետ Կարպովիչ Գաբրիելյանը, մյուս մասում ուսանողական անկյունն էր: Մի անգամ Ավետ Կարպովիչն ինձ ռետինե գլխիկով ատրճանակ էր նվիրել:

Դուրս եկա միջանցք և որոշեցի փորձարկել նոր ատրճանակս, կրակեցի միջանցքում դրված հեռախոսի վրա: Այդ պահին միջանցք դուրս եկան ուսանողներ Էդվարդ Միրզոյանն ու Առնո Բաբաջանյանը՝ կոմպոզիտորական արվեստի ապագա վարպետները, ինձ տեսնելով մոտեցան, վերցրին ատրճանակն ու ասացին. «Արի քեզ սովորեցնենք, թե ինչպես պետք է կրակել»:

Ու հանկարծ հայտնվեց պարետը և ամոթանք տվեց նրանց. «Մեծ մարդիկ եք, չե՞ք ամաչում»։ Ու հենց Բաբաջանյանն ու Միրզոյանը հեռացան, ատրճանակը խնդրեց, որ ինքն էլ կրակի:

Այդ ժամանակ ես մտածեցի, որ Առնոն շատ բարի ու հետաքրքիր մարդ է: Առաջին տպավորությունս շատ շուտով արդարացվեց: