«Երբ իրեն հանճար էին անվանում, նա փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն կաշկանդված զգում». միայն իմանաք՝ ինչպես ՄԵՐԳԵԼՅԱՆԸ մարդկային նախանձին գիտական պատասխան տվեց

Սահուն քայլերով և ընդմիշտ Սերգեյ Մերգելյանն իր տեղը գրավեց գիտության պատմության մեջ, որպես մաթեմատիկոս և ոչ միայն գիտության պատմության: Նրա կազմակերպչական աշխատանքը, գիտատեխնիկական ինտուիցիան ամբողջությամբ արդարացնում են այն գերադրական աստիճանները, որոնցով միշտ խոսում էին նրա մասին, հատկապես, պատանեկության ու երիտասարդության տարիներին:

Երբ իրեն հանճար էին անվանում, Սերգեյ Մերգելյանը փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն կաշկանդված զգում: Միգուցե պատճառը նաև այդ համեստությունն էր, ինչպես և ամենակուլ նախանձի դեմ դուրս գալու նրա ներքին հմտության բացակայությունը, որ չթողեցին նրան հասնել բոլոր այն բարձունքներին, որոնք անհամբեր իրեն էին սպասում:

Ի՞նչ մանկություն պետք է ունեցած լիներ երեխան, ով 18 տարեկանում հայտնվեր Նարիմի «զտիչ» ճամբարում: 1936 թ.–ին նրա հորը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատը տարավ. աստված գիտե միայն, թե ինչի համար, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչնչի համար, տարավ հենց այնպես, ինչպես սովորաբար: Ու, ամենայն հավանականությամբ, տարավ իսկապես ոչ մի բանի համար, որովհետև երկու-երեք տարի անց (այն ժամանակների համար դա ակնթարթային տևողություն էր) Նիկիտա Մերգելովին բաց թողեցին, իսկ պատերազմը սկսվելուց առաջ ընտանիքը Սիմֆերոպոլից Երևան տեղափոխվեց։ Երևանը, Թուրքիային մոտ գտնվելու պատճառով, զանգվածային էվակուացիայի ենթարկվող տարածք չէր: Եվ ահա այստեղ Մերգելովին, որպես լավ մասնագետի, ստվարաթղթի գործարանը ոտքի կանգնեցնելու նպատակով իր մոտ է կանչում Հայաստանի կոոպերատիվների կոմիսարիատը:

Այստեղ ողջ ընտանիքը տեղավորվեց բակային հարմարություններ ունեցող մեկ սենյականոց տանը: Իհարկե, սիբիրյան ճամբարից հետո սա իսկական առանձնատուն էր: Կահույքից Սերգեյին բաժին հասավ ընդամենը գրասեղանի մի հատվածը՝ դասերն անելու համար: Մերգելյանի կենսագիր, լրագրող Գրիգոր Ափոյանը գրում է, որ կար ժամանակ, երբ բոլոր առարկաներից Մերգելյանը միայն մաթեմատիկայից էր հետ մնում: Անհավանական է հնչում, բայց, ով գիտե, գուցե հենց այդ «հետ մնալն» էր, որ ապագա գիտնականի մեջ սպորտսմենին բնորոշ նախանձախնդրություն ծնեց և այն էլ այնպիսի, որ 1943 թվականին նա միանգամից կարողացավ հանձնել թե՛ 9-րդ, թե՛ 10-րդ՝ ավարտական դասարանի քննություններն ու դարձավ Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող:

Մերգելյանի  առաջընթացն արդեն կատակ բան չէր, նրան կանգնեցնել հնարավոր չէր: Համալսարանական 5 տարին նա ավարտում է 3 տարում և 1946 թվականին դառնում դիպլոմակիր: Ի դեպ, հենց առաջին կուրսում նա ոչ լրիվ ամիս սովորելուց հետո դիմում է գրում՝ էքստերն քննություններ հանձնելու ու երկրորդ կուրս տեղափոխվելու խնդրանքով: Իսկ առջևում Մոսկվայում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան էր… Այդտեղ նույնպես պատանին ժամանակ վատնել չցանկացավ, ընդամենը 1.5 տարում գործնական կերպով հանձնեց թեկնածուական մինիմումները ու գրեց անհավանական մի դիսերտացիա, որի գիտական ղեկավարը ոչ այլ ոք էր, քան Մստիսլավ Վսեվոլոդովիչ Կելդիշն էր: Ոչ մաթեմատիկոսներին չվախեցնելու համար հարկ է նշել միայն, որ ամբողջ աշխատանքը բաղկացած էր տասնյակ տարիների ընթացքում կուտակված գիտական հանելուկների անվանական լուծումներից:

Սերգեյ Մերգելյանը, հավանաբար, արդեն նյարդային խանգարման եզրին սպասում էր գիտական խորհրդի որոշմանը, և իհարկե, ինքն էլ նման դատավճռի չէր հավատում: Ակադեմիայի թղթակից-անդամները, պրոֆեսորները միաձայն քննարկման դրեցին ինչպես դոկտորական թեկնածությունը, այնպես էլ, որպես բացառություն, գիտահետազոտական մաթեմատիկական դոկտորի կոչում շնորհելու հարցը: Այսպես ահա, Մերգելյանը, որի 21 տարին էլ դեռ չէր լրացել, ի դեպ, որոշ երկրների չափորոշիչներով դեռևս անչափահաս, դառնում է խորհրդային գիտության ամենաերիտասարդ դոկտորը:

Ժամանակին գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Գիլբերտը գիտությունը թողած ու լավ պոետ դարձած իր աշակերտներից մեկի մասին այսպես է խոսել. «Ճիշտ վարվեց, մաթեմատիկայի համար նա քիչ երևակայություն ուներ»: Ակնհայտ է, որ աստված Մերգելյանին երևակայությունից չէր զրկել և կարիերայի ընթացքում՝ 1952 թվականին, նա ստանում է Ստալինյան մրցանակ (այն ժամանակների համար հսկայական գումար), իսկ 1953 թ. հասնում է ևս մեկ ռեկորդի՝ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ  թղթակից-անդամը։

Ոչ մի երևանցու մտքով չի անցնի Մաթեմատիկական մեքենաների Երևանյան գիտահետազոտական ինստիտուտնի այսքան երկար անվանումը տալ, ընդամենը` «Մերգելյանի ինստիտուտ» և վերջ, ամեն ինչ դառնում է հասկանալի: Իսկ «Մերգելյանը» այստեղ ոչ միայն ազգանուն է, այլ այդ նույն ինստիտուտի շուրջ գտնվող տարածքի ժողովրդական անվանումը, և այն էլ՝ բավական ընդարձակ տարածքի:

Գործից տեղյակ մարդիկ վկայում են, որ 1956 թվականին այդ ինստիտուտի կառուցման նախաձեռնողները կարողացան իրենց գաղափարով «վարակել» Խրուշովին, ու ինստիտուտը Երևանում բացվեց միայն Մերգելյանի հեղինակության շնորհիվ: Այն տարիներին նման ինստիտուտներ (եթե իհարկե կային) Միության հարավային տարածաշրջաններում չէին կառուցվում: Ու Հայաստանը մինչև օրս հպարտանում է գիտության այդ բնագավառում ունեցած իր գերազանց հիմքով: Միշտ պետք է հիշել, որ այդ հաջողությունները դժվար թե իրականանալի դառնային առանց Սերգեյ Մերգելյան անունի: