«Ինչպես էին մեկը մյուսի հետևից մահանում հարազատներս». Մի ցեղասպանված գերդաստանի պատմություն.

Հայոց ցեղասպանության վերապրող-ականատես Զապել Այվազյանի ընտանիքը տեղափոխվում է Սելիմիե, որտեղ ապրում են մոտ չորս տարի, տարբեր ծանր աշխատանքներով օրվա ապրուստի գումար հայթայթում. հայրն անտառից փայտ է հավաքել, վաճառել (շուտով հայրը տիֆից մահանում է), մայրը տեղի արաբներից մեկի տանն է աշխատել՝ օրական երկու հացի դիմաց, եղբայրը հովիվ է եղել ու իր օրվա մի կտոր հացն այդպես է վաստակել: Հուշագիրն ու քույրն էլ դաշտերից խոտ են հավաքել ու կերել՝ ուշադրություն չդարձնելով, որ կարող է խոտը թունավոր լինել։ Զապելն անդրադառնում է Ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանին՝ ըստ որի տեղի հայերը պետք է կամ իսլամանային, կամ՝ սպանվեին: Նրա ծնողներն էլ հարկադրաբար մզկիթ են գնացել, մուսուլմանական անուններ են ստացել, անգամ փոքրերին են մուսուլմանական անուններ տվել:

Պատերազմն ավարտվելուց հետո մայրը երեխաների հետ Համայից հարյուրավոր հայերի հետ ճամփա է ընկնում դեպի Հալեպ. ցերեկները քայլում են, գիշերները՝ անապատներում քնում ու ութ օր անց հասնում Հալեպ: Հորեղբայրներից մեկը որպես արհեստավոր զինվոր ծառայել է Հալեպի թուրքական զորանոցում, որտեղից ուտելիքի մնացորդներ էր բերում: Շուտով հորեղբոր հետ իրենք էլ են որոշում Այնթափ վերադառնալ: Ճանապարհին՝ Քիլիսի մոտակայքում, մի թուրք հրացանով վիրավորում է մոր ոտքը, այնուհետև բռնությամբ իր հետ է տանում, իսկ երեխաները միանում են քարավանին ու հասնում Այնթափ։ Շուտով մորը հաջողվում է փախչել ու հասնել զավակներին: Նրանք քաղաքն ավերված ու թալանված են գտնում: Այդ ընթացքում թուրքերն ամենուր փնտրում ու ձերբակալում էին հայերին՝ պատճառաբանելով, որ եկողներին հետ են ուղարկում:

Մայրը հերթական փորձությանն է ենթարկվում՝ նրան թուրք զինվորները ձերբակալում են ու բանտ տանում: 4-5 ամիս հետո իմանում են, որ մորը և նրա նման շատերին աքսորել են Համա, որտեղից նրան հաջողվել է փախչել մյուս հորեղբոր տուն, սակայն հյուծված ու տևական ժամանակ սովի մատնված լինելու պատճառով, առաջին իսկ օրը հորեղբոր տանը մահացել է: Որոշ ժամանակ երկու քույրերն Այնթափի որբանոցում են մնում, հետո հուշագիրը տեղափոխվում է Հալեպի հայկական որբանոց, իսկ քույրը՝ Անթիլիասի որբանոց:

Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.