«Հաճելի է տիեզերք մեկնած առաջին ՀԱՅԸ լինելու զգացողությունը». միայն իմանաք՝ ինչպես ՀԱՅԱԶԳԻ Ջեյմս Բաղյանը բախտի բերմամբ ողջ մնաց

1989 թվականի մարտին «Սփեյս Շաթլ» ծրագրով թռիչքը տևեց չորս օր։ Արտասովոր ոչինչ չկար, բացի այն փաստից, որ պատմության մեջ առաջին անգամ Երկիր մոլորակը լքեց հայը։

Հրշեջ, ֆուտբոլիստ կամ ուսուցիչ դառնալու մանկական երազանքները ոչ միշտ են իրականանում, որովհետև տարիքն իր գործն է անում։ Բայց լինում են դեպքեր, ինչպես Ջեյմս Բաղյանի դեպքում, որ տիեզերք հասնելու պատանեկան կրքոտ երազանքն անգամ երկու անգամ է իրականանում, ու դրան զուգահեռ մարդն այլ մասնագիտություններ էլ է ձեռք բերում։ Այսօր Ջեյմս Բաղյանն իրեն երջանիկ մարդ է համարում, և, դատելով ամեն ինչից, նա դրա իրավունքը լիովին ունի։

Վաղուց անցել է այն ժամանակը, երբ ամբողջ մոլորակն անուն առ անուն գիտեր տիեզերագնացներին ու նրանց նկարները փակցնում էր պատերին, այսօր այս մասնագիտությունը սովորական է համարվում, թեև հասկանալի պատճառներով այն հասանելի է միայն ընտրյալներին։ Ահա Բաղյանին էլ ավելի լավ գիտեն Հայաստանում, քան Ամերիկայում, որտեղ նա ապրել ու աշխատել է ամբողջ կյանքում։ Պատճառը հասկանալի է` ամերիկյան աստղագնացների թիվը տասնյակների է հասնում, իսկ աստղագնաց հայը միակն է։

Ջեյմսի պապը` Նազարեթ Քունդեբաղյանը, Արաբկիրից Ամերիկա է հասել 1913 թվականին։ Կնոջը` Սաթենիկին, նա հանդիպել է ամերիկյան հողում. կինը ծնվել էր Մալաթիայում, իսկ Նահանգներ էր հասել ամուսնուց հինգ տարի առաջ։ Նրանց թոռը` Ջեյմսը, լույս աշխարհ է եկել 1952 թվականին Ֆիլադելֆիայում։ Ի դեպ, նրա անունն ամերիկացիներն արտասանում էին իրենց հասկանալի տարբերակով` Բեյջին, որը չինական երանգ էր ստանում։ Նրանք այսպես էին կրճատել իրենց համար անհասկանալի ու դժվար արտաբերվող «Քունդեբաղյանը»։ Ջեյմսի հայրը օդաչու էր, Երկրորդ Համաշախարհայինի ժամանակ ծառայում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, և երևի այդ պատճառով էր, որ որդին ավիացիայի հանդեպ անհաղթահարելի ձգտումով տոգորվեց։

Ֆիլադելֆիայի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո եռանդուն պատանին ինժեներ-մեխանիկի կրթություն ստացավ համալսարանում և մինչև 1978 թվականն աշխատեց ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փորձարարական կենտրոնում։ Նրա աշխատանքն այնքան արդյունավետ եղավ, որ ինժեներական մի քանի բացահայտումների հեղինակ դարձավ։ Ջեյմսը զուգահեռաբար զբաղվեց տիեզերական կենսաբանության ու բժշկության խնդիրներով, ինչը նրան տարավ դեպի Ջեֆերսոնի ինստիտուտի ուսանողական նստարան։ Այստեղ նա բժշկական գիտությունների դոկտորի կոչում և բուհի մրցանակ ստացավ։ 1978 թվականին Բաղյանը վիրաբույժ ու բժշկական հետազոտող աշխատեց Լոնդոնի Ջեքսոնի անվան տիեզերական կենտրոնում` միաժամանակ ուսում ստանալով աերոտիեզերական բժշկության դպրոցում։ Ուսման մեջ բացառիկ ունակությունների դրսևորելով` նա պատվավոր շրջանավարտի կոչման արժանացավ։ Իսկ 1980 թվականից Բաղյանն ընդգրկվեց ԱՄՆ-ի աստղագնացների խմբում։

ՌՕՈՒ փոխգնդապետի կոչում ստանալուց հետո նա ավելի քանի մեկուկես հազար ժամ թռիչք է իրականացրել` բաց չթողնելով ավիացիոն մրցման ցանկացած հնարավորություն։ 1980 թվականին նրան ընդգրկել են ՆԱՍԱ-ի աստղագնացների կազմում, և նա անմիջական մասնակցություն է ունեցել առաջին վեց «Շաթլի» թռիչքների բժշկական ապահովան նախապատրաստական աշխատանքներին` միաժամանակ զբաղվելով տիեզերական բժշկության խնդիրների գիտական աշխատանքով։ Երկիր մոլորակի ուղեծիր հասնելու հնարավորությանը նա ստիպված է եղել սպասել ինը տարի։

Այդ տարիները նա նվիրել է իրեն ու ընկերներին կյանքի ամենակարևոր իրադարձությանը պատրաստելու դժվարին գործին։ Թռիչքին մասնակցելու հնարավոր թեկնածուների ցանկը հետզհետե կրճատվել է, բայց Բաղյանի անունը միշտ մնացել է այդ ցանկում։ Համբերելու ժամանակաշրջանն ավարտվել է 1989 թվականի մարտի 13-ին, երբ մեկնարկել է «Դիսքավըրի» տիեզերանավի ութերորդ թռիչքը Ջեյմս Բաղյանի հետ։

Space Shuttle ծրագրով թռիչքը տևել է չորս օր, ավելի ճիշտ` 4 օր, 23 ժամ և 38 րոպե։ Այդ ընթացքում Ջեյմսը հասցրել է տիեզերանավում գտնվող գործընկներին ազատել անկշռելիության հետևանքով առաջացած տհաճություններից, բժշկակենսաբանական հետազոտություններ անցկացնել` չխնայելով առնետներին ու բեղմնավորված հավկիթները։

Կարելի է ասել, որ որևէ արտասովոր բան չի եղել, բացի նրանից, որ Երկիր մոլորակն առաջին անգամ լքել է հայ տղամարդը։ Հայտնի չէ` այդ հայն էյֆորիայի գիրկն ընկել է կատարվածից, թե ոչ, փոխարենը գիտությունը Բաղյանից ստացել է արժեքավոր աշխատանքներ, որոնցում ներկայացվել են տիեզերական հիվանդության պատճառները, շարժման տիեզերական հիվանդությունը, թռիչի ժամանակ մարդու օրգանիզմում առաջացող փոփոխությունները, ներկայացվել են բժշկական կենսաբանության հարցերը, տիեզերական ճառագայթման ազդեցությունը։ Նրա գիտական փորձարկումների մեծ մասը հիմնվել են հայ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հետազոտությունների վրա։

Հետագայում Ջեյմս Բաղյանն ակտիվ մասնակցություն է ունեցել բժշկական նախագծերին ու ծրագրերին, ղեկավար պաշտոններ զբաղեցրել ԱՄՆ-ի առողջապահության ազգային ծառայությունում, շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում։ Աստղագնացի փորձն ու գիտական ներուժն օգտագործվել են 1991 թվականի հունիսի 5-ին։ Այս անգամ Բաղյանը տիեզերք է հասել «Կոլումբիայով» և ուղեծրում անցկացրել 9 օր` 146 պտույտ իրագործելով հարազատ մոլորակի շուրջ։ Տիեզերական թռիչքների կենտրոնը, բարձր գնահատելով Բաղյանի ավանդը, նրան պարգևատրել է մեդալով, հատուկ պարգևներ է ստացել նաև ՆԱՍԱ-ից։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ թռիչքը շատ կարևոր էր աստղագնաց ու գիտնական Ջեյմս Բաղյանի համար։ Ճիշտ է` նա այլևս տիեզերք չհասավ, բայց տիեզերագնացության ոլորտի ուսումնասիրություններից չհրաժարվեց։ Նա շարունակեց աշխատել տիեզերական կենտրոնում, իսկ վերջին տարիներին ղեկավարում է Միչիգանի համալսարանի անեսթեզիոլոգիայի դեպարտամենտի առողջության կենտրոնը։

Ի դեպ, Բաղյանի տիեզերական առաջին թռիչքը ծրագրված էր 1985 թվականին, բայց այդ ժամանակ նա չընդգրկվեց վերջնական ցուցակում և ողջ մնաց. «Չելենջերը» միլիոնավոր հանդիսատեսի աչքի առաջ պայթեց թռիչքի 73-րդ վայրկյանում։ Այսօր Բաղյանն այլևս ՆԱՍԱ-ի աստղագնացների ցանկում չէ, բայց ակտիվ կենսակերպը փոխելու մտադրություն չունի։ Զբաղվում է լեռնագնացությամբ, թենիս է խաղում, լողում է ու թռիչքներ կատարում սպորտային ինքնաթիռներով։ Բացի այդ, նա մի արտասովոր նախասիրություն ունի. ազատ ժամանակ հին մեքենաներ է նորոգում։

Իհարկե, այսպիսի մարդու մասին նաև լեգենդներ են հյուսում, և անհասկանալի է, թե որտեղից են ծնվում դրանք։ Շատերն, օրինակ, պատմում են, որ 1989 թվականի թռիչքի ժամանակ Բաղյանը Հայաստանի վրայով անցնելիս իբր մայրենի լեզվով դիմել է հայ ժողովրդին և բարգավաճման ու խաղաղության մաղթանքներ հղել։ Ջեյմսը երևի հոգնել է այս առասպելը հերքելուց և նշել, որ եթե այդ գաղափարն ավելի շուտ մատուցվեր, ինքն անպայման հենց այդպես էլ կվարվեր։

Իսկ հայերենը նա հիշում է, ինչպե՞ս չհիշի, եթե մանկության ու պատանեկության տարիներին ազատ օրերն անցկացնում էր Նազարեթ պապի հետ, որը խստորեն հետևում էր, որ տանը բացառապես հայերեն հնչի։ Ջեյմսի հայրն էլ էր նախընտրում հայերեն շփումը, և այդ պատճառով էր, որ Ջեյմսը անգլերեն հասկացել է, բայց խոսել է սկսել միայն վեց տարեկանից, երբ շփվել է հասակակիցների հետ։

Հարցազրույցներից մեկում ասել է, որ հաճելի է տիեզերք մեկնած առաջին հայը լինելու զգացողությունը, թեև վստահ չէ, որ այդ փաստը բացառիկության որևէ իրավունք է տալիս։

«Իմ նախնիներն այս երկիր են եկել, մենք ծնվել ենք այստեղ, իսկ հայկական ծագման կայունությունն անչափ դրական ուժ է»,- ասել է աստղագնացն ու հավանաբար գնացել ժայռեր մագլցելու կամ ավտոտնակ` հերթական հին ավտոմեքենան խելքի բերելու համար։