ՀԱՅ աղբյուրագետ ով հեղինակել է նաև հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին ՀՀ հանրագիտարանների բազմաթիվ հոդվածներ

Պատմաբան, աղբյուրագետ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1970թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1976թ.՝ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան՝ Ս.Պողոսյանի ղեկավարությամբ: Այնուհետև աշխատել է նույն ամբիոնում՝ որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս (պրոֆեսոր): 2013թ-ից ղեկավարել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները: 1992-94թթ դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999թ-ից՝ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (համալսարան), որտեղ կատարած իր գիտամանկավարժական բուռն գործունեության համար 2004թ. արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ — Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է եկել հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ կարդացել տարբեր կազմակերպություններում: Հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ: Հայագիտության մեջ կարևոր ներդրում են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության (1915թ.) մատենագիտությանն ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Ա.Հովհաննիսյանի, Ա.Պերպերյանի և այլոց պատմագիտական ժառանգությանը նվիրված պատմաբանի աշխատությունները: Նրա մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը (գլխավոր խմբագիր և համահեղինակ):

Հեղինակել է Նիկողայոս Ադոնցի պատմական ժառանգության վերաբերող տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ, հրատարակել նրա «Երկերի» չորս մեծածավալ հատորները: Հեղինակել է նաև հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին ՀՀ հանրագիտարանների և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի բազմաթիվ հոդվածներ: Եղել է մի շարք գիտական խորհուրդների անդամ և գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: