2000 ՀԱՅ որբերի կյանքեր, որոնք ոչ մի հարազատ չունեին, բայց փորձում էին շարունակել ապրել.

Հայոց ցեղասպանության վերապրող-ականատես Զապել Այվազյանի հուշագիրը նշում է, որ մոտ 2000 հայ երեխաներ էին ապաստան գտել Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի որբանոցում: Զապելը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում որբանոցային կյանքի մասին: Նա կարևորում է այնտեղ ստացած իր ուսումը, հայոց պատմության, հայ եղեկեցու պատմության ու աշխարհագրության դասերը: Զապելը խոր ակնածանքով է խոսում Այնթափի ինքնապաշտպանության ղեկավարներից Ներսես քահանա Թավուգճյանի հայ եկեղեցու պատմության դասերի մասին, երբ դասի ժամանակ ասում էր. «Գիրք չունիք, ես պիտի պատմեմ, թուականները, պատահարները նօթագրեցէ՛ք»:

Դասերից հետո որբանոցում Այնթափի գորգագործություն և ասեղնագործություն է սովորում։ Հիշում է, որ իր ասեղնագործությունը նվիրել են որբանոց այցելած Սիրիայի ֆրանսիական կառավարչին։ Չորս տարի որբանոցում մնալուց հետո, երբ որբանոցը փակվում է, 1924 թ. մոտ 40 աղջիկ որբեր, որոնք ոչ մի հարազատ չունեին, կաթոլիկ մայրապետների գորգի գործարանում են սկսում աշակերտել՝ արագ վարպետանալով իրենց գործի մեջ:

Հետո տեղափոխվում են Այնթափցիների հայրենակցական միության կողմից 10 տարով վարձակալված տարածք: Այստեղ ապրում է Այնթափի ինքնապաշտպանությանը մասնակցած եղբոր հետ՝ իրենց կառուցած փոքր սենյակում, որի մի անկյունում եղբայրը հոր արհեսն էր շարունակում՝ կերպասագործությամբ էր զբաղվում: 1928 թվականից աշխատում է Հալեպի Այնթափի կրթասիրաց դպրոցում՝ որպես ուսուցչուհի, 1930 թ. ամուսնանում է, ընտանիք կազմում:

«… Օր մըն ալ վերէն հրաման կուգայ որ այդ տեղի հայերը ամէնը ջարդին կամ մահմեդական ըլլան … Մայրս, հայրս ճամի գացին, բոլոր հայ մեծերը, հոն անուննին բոխած են, քանի պզտիկ ունին, ամենուն մահմեդական անուններ կուտան։ Անկէ անդին որևէ ճնշում չի բանեցուցին, մզկիթ գացէք, մօսլէմի պէս աղօթեցէք չի պարտադրեցին։ Միայն պաշտօնական մօսլիմ եղած ենք, բայց հայ ապրեցանք»։

Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.