«Նրանց համար մեծ փոս էին փորում, դիակները լցնում մեջը, քահանան «Հայր Մեր» էր ասում ու թաղում էին». Հայոց ցեղասպանության վերապրող-ականատես Զապել Այվազյանի հուշերից.

Զապել Այվազյանը (ամուսնական ազգանունը՝ Ճեպեճյան) Հայոց ցեղասպանության վերապրող-ականատեսներից է, ով անցել է գաղթի ճանապարհի իրեն բաժին հասած դժվարությունները: Ցեղասպանության տարիներին Զապելի 50 հոգանոց հայրական գերդաստանից վերապրել են 15-ը, իսկ մայրական 80 հոգանոց գերդաստանից 16-ին է միայն հաջողվել փրկվել։

Զապել Այվազյանը ծնվել է Այնթափում, 1910 թվականին: Նրա հուշագրությունը սկսվում է Այնթափի իր հայրական նորակառույց տան նկարագրությունով, որտեղ դեռ չէին հասցրել բնակվել և որտեղից էլ բռնում են գաղթի ճանապարհը։ Ոստիկանները նրանց հայրենի տնից դուրս են հանում և դուռը կնքում: Զապելը հիշում է, որ ինքն ու գրեթե մեկուկես տարեկան քույրն ավանակի վրա նստած, իսկ եղբայրն ու ծնողները` քայլելով դուրս են գալիս հայրենի քաղաքից։

Այնթափից շոգեկառքով թուրքերը նրանց տեղափոխում են Հալեպ, մինչդեռ իրենցից հետո՝ քաղաքի բնակչությանը հիմնականում տարել են Դեր Զոր և սպանել։ Զապելը հիշում է Թալեաթի նամակն ուղղված Հալեպի կառավարչին, համաձայն որի հրահանգված էր տեղի բոլոր հայերին անխտիր կոտորել: Վերջինս հրամանը չի կատարել՝ հրաժարվելով իր պաշտոնից:

Մեկ-երկու ամիս Հալեպում հիվանդանոցի կիսախարխուլ շենքում ապրելուց հետո կեսարիացիների ու այլ բնակավայերից հասած գաղթականների հետ միասին թուրքերը բոլորին շոգեկառքով տեղափոխում են Համա: Հուշագիրը պատմում է, որ ճամբարում մահացողների թիվը մեծ էր, տիֆով վարակվածներից շատերին հիվանդանոց տեղափոխելու պատրվակով տանում ու թունավորում էին: Նրանց համար մեծ փոս էին փորում, դիակները լցնում մեջը, քահանան «Հայր Մեր» էր ասում ու թաղում էին:

Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.