Գիտե՞ք՝ որ ՀԱՅԻ շնորհիվ է կառուցվել Հյուսիսային Ամերիկայի ՀԱՅԿԱԿԱՆ հնությունների խոշորագույն թանգարանը. ճանաչենք մեծն բարերարին

Հիշու՞մ եք առասպելական Միդաս արքային, որին Դիոնիսոսն օժտել էր մարմնի հպումով ամեն ինչ ոսկու վերածելու կարողությամբ ։ Պարզվում է՝ իրական կյանքում էլ կան մարդիկ, որոնք ունեն այդ ունակությանը։ Նրանցից մեկը Ալեք (Ալեքս) Մանուկյանն է։

Հայ գաղթականը 18 տարեկանում Ամերիկա է տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) քաղաքից։ Նրա ձեռնարկած ցանկացած գործ ծաղկում ու բարգավաճում էր։ Իհարկե, պետք է շատ միամիտ լինել մտածելու համար, որ նա հեշտությամբ է հասել իր ուզածին, բայց գործին անձնվիրությամբ տրվելու կարողությունն ու մյուսների չտեսածը տեսնելու ունակությունը, խոչընդոտները հաղթահարելու և առաջ գնալու ձգտումը պակաս օժտվածություն չեն, քան Դիոնիսոսի պարգևածը։

Արդյունքում Ալեք Մանուկյանն աշխարհով մեկ հայտնի դարձավ որպես ազդեցիկ գործարար ու իր դարաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հայ գաղթականին հաջողվեց «ներխուժել» մոլորակի գրեթե բոլոր բնակիչների տներ․ նա հորինեց միաբռնակ ծորակը, որը լիովին փոխարինեց երկբռնակին։

Սակայն նա հայտնի է աշխարհին ոչ միայն որպես տաղանդավոր գյուտարար ու գործարար, այլ նաև որպես բարերար։ Մանուկյանը հատուկ ուշադրություն էր դարձնում հայկական մշակույթի, գիտական ու գրական ժառանգության ուսումնասիրությանն ու տարածմանը։ 1953-ից 1989 թվականներին նա գլխավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU)։ Այդ շրջանում ընկերության ակտիվներն աճել են ութից մինչև 105 միլիոն դոլար, ընդ որում՝ նա անձնական հաշվից ավելի քան 40 միլիոն դոլար է ներդրել։ Բարեգործից դրամաշնորհներ են ստացել ԱՄՆ-ի խոշորագույն համալսարանները։ Հյուսիսային Ամերիկայի հայկական հնությունների խոշորագույն թանգարանը՝ Alex and Marie Manoogian Museum-ը, նույնպես նրա գումարով է կառուցվել։

Գործարարը կնոջ հետ հիմնել է Ալեքս և Մարի Մանուկյանների անվան մշակութային հիմնադրամը։ Բարերարի ձեռքը հասել է մինչև Արգենտինա, Ավստրալիա, Իսրայել, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Իրան, Իտալիա, Նիդեռլանդներ…