Գիտե՞ք՝ ինչու գլխավոր մասնագետը մեկ ժամ հետո ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ դուրս վռնդեց․հետաքրքիր դեպքեր մեծն բարերարի կյանքից, որոնց մասին քչերը գիտեն

Ալեքի հայրը՝ Թագվոր Մանուկյանը, Զմյուռնիայում հացահատիկ ու չամիչ է վաճառել։ Ունևոր մարդ է եղել, բայց հաշվի առնելով, թե նախորդ դարի սկզբում ինչ վիճակում էին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը, զարմանալի չէ, որ երիտասարդ Ալեքը Նահանգներ է մեկնել՝ իր մոտ ունենալով միայն ընդամենը 50 դոլար ու երկու ճամպրուկ։

Երիտասարդը Ամերիկայում ստիպված է եղել շատ բան հաղթահարել, այդ թվում՝ լեզվային արգելքը (թեև նա հինգ լեզու գիտեր, բայց ոչ անգլերեն)։ Մի քանի տարի շարունակ Ալեքը քաղաքից քաղաք էր տեղափոխվում ու առավոտից մինչև ուշ գիշեր բանվորություն անում։ Բացի այդ, Մանուկյանն իր հայրենակիցներին հայերեն էր դասավանդում, ընդ որում՝ ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծահասակներին։

Նրան խորհուրդ էր տվել Դետրոյթ (նահանգ Միչիգան) մեկնել աշակերտներից մեկը։ Նա պատմել էր ավտոմոբիլային մեծաթիվ ընկերությունների մասին, որոնց աշխատակիցները լավ գումար են վաստակում։

Թեև Մանուկյանը հեռու էր ավտոմոբիլաշինությունից, սակայն վճռականորեն որոշել էր սովորել խառատահաստոցի վրա աշխատել։ Նոր ասպարեզում առաջին փորձերն ավելի քան անհաջող էին․ նրան ժամանակակից հաստոցներից մեկը վստահած գլխավոր մասնագետը մեկ ժամ հետո վռնդեց սկսնակին։ (Հետաքրքրական է, որ հինգ տարի անց այդ արհեստավորը Ալեք Մանուկյանի ընկերության առաջին աշխատակիցը դարձավ)։ Այդ ձախողմանը հետևեցին ևս մի քանիսը, բայց երիտասարդ գաղթականը հանձնվելու մտադրություն չուներ։ Մի քանի ամսվա ընթացքում նա բարձրակարգ մասնագետ դարձավ։

Համառ աշխատելն ու ծայրաստիճան տնտեսելն արդյունք տվեցին․ 1929 թվականին Հարի Աճեմյանի օգնությամբ նա բացեց սեփական արհեստանոցը՝ Masco Screw Products-ը։ Երկու տարի անց նրա ընտանիքը Դետրոյթ տեղափոխվեց։ Իսկ շուտով Ալեքը սեփական ընտանիքը ստեղծեց՝ ամուսնանալով Մարիի հետ, որը նրան երկու զավակ պարգևեց։