Ի՞նչն էր ԿՈՄԻՏԱՍԻՆ հիվանդագին կոշտ կոշիկներ հագցնելու նպատակը․ կարևոր մանրամասներ մեծանուն ՀԱՅԻ կյանքից, որոնք քչերին են հայտնի

Մեծագույն երգահան, երաժշտագետ, երաժշտական էթնոլոգ և երգիչ Կոմիտասի մահից գրեթե մեկ դար է անցել, սակայն նրա կյանքի որոշ մանրամասներ գաղտնիք են մնում նույնիսկ նրա արվեստն ուսումնասիրողների համար։

Մեծանուն երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար, թեև ձեռագրերի մեծ մասը ոչնչացվել է կամ կորել։ Նրա երաժշտական հանճարի առջև խոնարհվում էին եվրոպացի անվանի երգահանները` Կլոդ Դեբյուսին, Քամիլ Սեն Սանսը, Վենսան դ’Էնդին, Գաբրիել Ֆորեն…

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Թուրքական յաթաղանը հայկական երգի կոկորդին

1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։

Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։

Որքան շատանում են պատասխանները, այնքան շատանում են հարցերը

Չնայած երաժշտի կյանքի վերջին երկու տասնամյակը կապված էր իսկապես տարօրինակ հանգամանքների հետ, այնուհանդերձ Կոմիտասի արվեստն ուսումնասիրող երգահան Արթուր Շահնազարյանը կարծում է, որ վարդապետին հնարավոր չէր բռնությամբ որևէ տեղ պահել։

«Նա գուցե իսկապես շիզոֆրենիա չի ունեցել։ Բայց ընկճախտի ծանր տեսակը պակաս լուրջ խնդիր չէ։ Ընդ որում, այդ հիվանդությունից տառապում էր ոչ միայն Կոմիտասը, այլև ողբերգական իրադարձությունների ականատես դարձած շատ այլ մարդիկ։ Ողբալի իրադարձություններից հետո այդպիսի մարդկանց թիվը չափազանց մեծ էր։ Իմ մանկության պատկերներում հիշում եմ տատիկների, որոնք նույնպես տեսել էին 1915 թվականի ցեղասպանությունը։ Հիշում եմ`մեծերն ասում էին, որ չանհանգստացնենք նրանց, ասում էին` «այնպիսի բաներ են տեսել, որոնց մասին չեն կարող պատմել», — նշում է Շահնազարյանը։

Նրա խոսքով` Կոմիտասը վախի ուժեղ զգացողություն է ունեցել և հետապնդման մոլուցք։

«Իմ գրքում ես գրել եմ նրա կյանքի ոչ այնքան հայտնի փաստերի մասին։ Կոստանդնուպոլսի կլինիկայում գտնվելիս` նա ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ այնտեղից` ոչ Փարիզ, ոչ որևէ այլ տեղ։ Կոմիտասը համոզված է եղել, որ եթե այնտեղից դուրս գա, իր հետ մի բան կպատահի», — պատմում է երգահանը։

Շահնազարյանը նշում է, որ վարդապետը համաձայնել է հիվանդանոցից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ թերթերը գրել են երիտթուրքերի դատապարտման մասին։

«Այդ փաստը չի կարելի պատահական համարել։ Երբ Թուրքիայի կառավարությունը դատարանում դատապարտեց երիտթուրքերին, դրանից հետո հաջորդ օրը Կոմիտասը համաձայնեց դուրս գալ կլինիկայից», — ընդգծում է նա։

Համադրելով տարբեր փաստերն ու իրադարձությունները` կարելի է եզրակացնել, որ Կոմիտասի կյանքի մանրամասները դեռ պետք է պարզել, քանի որ մինչև այսօր անչափ շատ են մութ էջերը։

Արվեստն անզոր է քաղաքականության դեմ

Շահնազարյանի խոսքով` Կոմիտասն իր ստեղծագործական ճանապարհի սկզբում միշտ ասում էր, որ հայկական արվեստը պետք է ներկայացնել արտասահմանում, սակայն ավելի ուշ նա հրաժարվում էր այդ տեսակետից։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան։